Հոկտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Ս. Անանիա և ևս հինգ սուրբ առաքյալների հիշատակության օրը: Այդ առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Ս. Անանիայի Աջը:
Ժամը 09:30-ին Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում քահանաներն ու հավատացյալները թափորով կդիմավորեն ու կուղեկցեն մասունքակիր աջը մինչև եկեղեցի:
10.30-ին եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Մասունքակիր աջն իր օրհնաբաշխ ներկայությամբ եկեղեցում կլինի մինչև երեկոյան ժամերգության ավարտը` ժամը 17:30-ը: Հավատացյալները կարող են իրենց խոնարհումը բերել սրբի մասունքին և նրա բարեխոսությունը հայցել:
Ս. Անանիան Քրիստոսի 72 աշակերտներից էր: Ավետարանում նա հիշատակվում է որպես Աստծո անունից Պողոս առաքյալին կուրությունից բժշկող: Սրբի գերեզմանը գտնվում է ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում: Անկախ տարիքից ու ազգային պատկանելությունից՝ հազարավոր ուխտավորներ են այցելում՝ բժշկության համար նրանից բարեխոսություն խնդրելու: