Կարևոր իրադարձություններ

Ձեր նախագծերը օգնում են ավելի լավ ճանաչել մեր երկրում ապրող փոքրամասնություններին և ինքներս մեզ. նախարար (լուսանկարներ)

21 Փետրվար, 2025 11:29
Ձեր նախագծերը օգնում են ավելի լավ ճանաչել մեր երկրում ապրող փոքրամասնություններին և ինքներս մեզ. նախարար (լուսանկարներ)

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է:

Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակից դպրոցներին ու շնորհակալություն հայտնել նախաձեռնությանն արձագանքելու և օրը յուրահատուկ բովանդակությամբ լցնելու համար։

«Այս տարի 25-րդ անգամ անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված Մայրենիի միջազգային օրը:

Ձեր նախագծերը, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների մշակույթների ներկայացմանը, մի կողմից կրթական գործընթացի մաս են, մյուս կողմից օգնում են ավելի լավ ճանաչել մեր երկրում ապրող փոքրամասնություններին և ինքներս մեզ, քանի որ դրանք Հայաստանի մի մասն են»,- դիմելով դպրոցականներին՝ ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Հանրակրթության նոր չափորոշչով առանձնահատուկ ընդգծվում է ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի և պատմության ճանաչողությունը, որը համակեցության ընդհանուր կանոն է, ինչպես նաև ինքնաճանաչողության ճանապարհ։

«Վստահ եմ, որ ճանաչողության այս փորձն օգնում է առավել ուշադիր, նրբանկատ ու հետևողական լինել փոքր թվացող հարցերում, որոնցից կախված է նաև հանրային կյանքի որակը»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցներին կատարած աշխատանքի համար:

ԿԳՄՍ նախարարության կողմից նախապես բոլոր դպրոցներին ուղարկվել է շրջաբերական գրություն, որպեսզի երկրորդ կիսամյակի նախագծային աշխատանքների շրջանակում սովորողներն իրականացնեն ազգային փոքրամասնությունների լեզուն և մշակույթն ուսումնասիրող նախագծային աշխատանքներ:

Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից հաղթող է ճանաչվել 2-ական դպրոց։ Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառմանը վերջինները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։

Նախարարն ու հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել նախագծերին, հետաքրքրվել՝ ինչ ուսումնասիրություն են կատարել աշակերտները, այդ ընթացքում ինչ նոր գիտելիք են ձեռք բերել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ և այլն:

Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ աշակերտներն ընդգծել են, որ ուսումնասիրության ընթացքում հանդիպել են ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքների հետ, ծանոթացել նրանց ավանդույթներին, խոհանոցին, պատմությանը և նախագծերն իրականացրել նաև նրանց օգնությամբ:
Երեխաներին հատկապես տպավորել են ազգային փոքրամասնությունների ծեսերը, կրոնական առանձնահատկությունները:

Այն աշակերտները, որոնք նախագծերի շրջանակում չեն հանդիպել ազգային փոքրամասնությունների հետ, վստահեցրել են, որ մեծ է ցանկությունը հանդիպելու, ծանոթանալու և շփվելու իրենց հասակակից այլազգիների հետ:

Մասնակից աշակերտները շնորհանդեսից հետո աբոնեմենտային ծրագրի շրջանակում դիտել են «Պատվի համար» ներկայացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին