Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից:
Այս մասին իրազեկել է ԿԸՀ-ն:
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:
Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:
Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի դեպքում նախընտրական քարոզչությունն սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ ութերորդ օրվանից։
Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։»։
Ընտրական օրենսգրքի վերը բերված կարգավորումները փաստում են, որ քարոզչության ժամանակահատվածում տվյալ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են գործել բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված կանոններով, որպեսզի բոլորը ունենան հավասար հնարավորություններ։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կոնկրետ կանոններ, որոնց շրջանակներում նախատեսել է նաև կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումներ։
Նշված ժամանակահատվածն այն եզակի շրջանն է երբ գործում են քարոզչության սահմանափակման, այդ թվում արգելման (քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը) այդ կանոնները։
Քարոզարշավի ժամանակահատվածից զատ մնացած օրերին քարոզչություն իրականացնելը սահմանադրորեն երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության իրացման եղանակներից է։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը սահմանում է՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։
Մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը կարող է թելադրված լինել միայն ժողովրդավարական պետություններում այդ սահմանափակումների անհրաժեշտությամբ։ Դրանք ուղղված են կարծիքի արտահայտման ազատության չարաշահման կանխարգելմանը, օրենքով սահմանված շահերի պաշտպանությանը կամ օրենքով նախատեսված այլ նպատակների ապահովմանը։
Նշենք նաև, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության՝ Ընտրական օրենսգրքով կամ օրենսգրքի հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգի պահպանումը։ Վերոգրյալից ակնհայտ է, որ նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ընտրական հանձնաժողովների իրավասության շրջանակներից»,- ասված է հաղորդագրության մեջ։