Կարևոր իրադարձություններ

«Մատյանների տունդարձը». Ամերիաբանկի և Մատենադարանի համագործակցության մեկնարկը (տեսանյութ)

07 Փետրվար, 2025 19:41
«Մատյանների տունդարձը». Ամերիաբանկի և Մատենադարանի համագործակցության մեկնարկը (տեսանյութ)

Ամերիաբանկն ու Մատենադարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում:

Հուշագրի կնքմամբ Ամերիաբանկը դարձավ մասնավոր հատվածի առաջին կազմակերպությունը Հայաստանում, որը միացավ հայկական ձեռագրերի հավաքագրման առաքելությանը:

Այս համագործակցությունն Ամերիաբանկի` դեռևս տարեվերջին մեկնարկած «Իմ Ամերիա, իմ Հայաստան» մեծ նախագծի տրամաբանական շարունակությունն է, մյուս կողմից` նոր սկիզբ, որով Բանկը վերահաստատում է իր պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը Հայաստանի և հայկական ժառանգության հանդեպ:

Բանկի կողմից ֆոնդի ստեղծումը Մատենադարանին հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխարհի տարբեր աճուրդներում հայտնվող կամ անհատների կողմից վաճառվող արժեքավոր հայկական ձեռագրեր` դրանց հասանելիությունն ապահովելու, Հայաստանում պահպանելու, հանրայնացնելու ու գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով: Ամերիաբանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ Մատենադարանին ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր և 10 մանրանկար /մանրամասները` տեսանյութում/:

«Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում Մատենադարանն ու Ամերիաբանկը կշարունակեն այս կարևոր համագործակցությունը` լիահույս լինելով, որ այն կոգևորի և կհամախմբի շատերին հայ ժողովրդի ինքնությունը, ժառանգությունն ու արժեքները պահպանելու շուրջ: Այս նախաձեռնության ներքո Ամերիաբանկը ս.թ. փետրվարի 20-ից սկսած` անժամկետ կշնորհի «Պրեմիում» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, ով Մատենադարանին կնվիրաբերի առնվազն 4 մլն դրամի, և«Փարթներ» կարգավիճակ նրանց, ովքեր կնվիրաբերեն առնվազն 20 մլն ՀՀ դրամի չափով պատմամշակութային արժեք ներկայացնող ձեռագիր կամ այլ իր: Մատենադարանը ևս նվիրաբերողներին կտրամադրի մի շարք առավելություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին