Նախօրեին Հայաստանի հեռուստաեթերում հերթական ռեպորտաժն էր Գագիկ Ծառուկյանի հետքաղաքական բարեգործունեության մասին, որն առնչվում էր Առինջ մոլ նորաբաց տոնավաճառին: Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է այդ տոնավաճառում նոր տեղ հատկացնել փոքր առեւտրով զբաղվող ձեռներեցների, նրանց 2 տարի 2 ամսով ազատելով տեղի համար վճարելու պարտականությունից, նրանց գործունեության համար ապահովելով ավելի բարվոք եւ ընդարձակ պայմաններ: Մի քանի տասնյակ ձեռներեցները շհորհակալություն էին հայտնում Ծառուկյանին լավ պայմաններ առաջադրելու, փոքր առեւտրականներին աջակցելու համար:
Մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը գրեթե այդօրինակ քայլ կատարեց Հրազդան տոնավաճառի առեւտրով զբաղվողների համար, որոնք դժգոհ էին տոնավաճառի տեր Աշոտ Աղաբաբյանից: Ծառուկյանը նրանց համար Առինջ մոլը կառուցեց, երեք տարով ազատեց տեղի փող վճարելու պարտականությունից: Աշոտ Աղաբաբյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը միտումնավոր արեց դա՝ իրեն սնանկացնելու համար:
Այժմ փաստորեն Ծառուկյանը համանման քայլ է անում փոքր առեւտրով զբաղվող քաղաքացիների նոր խմբի համար: Արդյո՞ք դա նշանակում է, որ ինչ որ նոր տոնավաճառատեր պետք է դժգոհի, որ Ծառուկյանն իրեն էլ սնանկացրեց:
Տեղի ունեցողն իհարկե հետաքրքիր է ոչ այնքան այս կամ այն տոնավաճառատիրոջ ճակատագրի, Ծառուկյանի հետ հարաբերության տեսանկյունից, այլ Հայաստանի տնտեսության եւ իշխող համակարգի ընդհանուր իրավիճակի: Արդյոք Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրել է որոշակի նոր դեր, որը նոր երեւույթներ է առաջ բերում Հայաստանի թե իշխող համակարգում, թե տնտեսությունում:
Ավելին ՝ lragir.am