ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի «Մարդասիրական մարտահրավերներ» ասոցիացիայի նախագահ Ալեն Բուենեն, Ֆրանսիական հրատարակիչների ասոցիացիայի (SNE) նախագահ Վենսան Մոնտանը, SNE-ի տնօրեն Ռենո Լեֆևրը, ֆոտոլրագրող Անտուան Ագուջյանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը:
Սիլվեն Տեսսոնի և Վենսան Մոնտանի հովանավորությամբ 2700 կտոր ժամանակակից ֆրանսալեզու գիրք կտրամադրվի ՀՀ գրադարաններին (76 հաստատություն):
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նախաձեռնության համար:
«Կրթության և մշակույթի ոլորտներում մենք այսօր ակտիվ բարեփոխումների փուլում ենք և այս համատեքստում շատ ենք կարևորում միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը՝ ի նպաստ մեր պետության զարգացման: Կարևորում ենք նաև Հայաստանում տարբեր ծրագրերով ֆրանկոֆոնիան զարգացնելու հնարավորությունները, և ձեր նախաձեռնությունը գալիս է լրացնելու այս քաղաքականությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակույթի, գրականության շրջանակում համագործակցության հեռանկարները, կարևորել փորձի փոխանակումը, ստեղծարար ներուժի բացահայտումն ու զարգացումը:
Ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են նաև Փարիզի գրքի միջազգային փառատոնը՝ կարևորելով Հայաստանի մասնակցության հնարավորությունը համագործակցության զարգացման տեսանկյունից:
Դանիել Դանիելյանն իր հերթին ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան միջազգային փառատոնը, ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի զարգացման հեռանկարները: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Ֆրանսիայի փորձառությունը մշակույթի կառավարման ոլորտում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի իրականացվող տարբեր միջոցառումների և ծրագրերի արդյունավետության բարելավմանը:
Այցի շրջանակում հյուրերը հանդիպել են նաև հայ հրատարակիչների և ֆրանսերեն սովորողների հետ: