«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դեռ նախորդ տարվա ավարտին փորձագետներն ահազանգում էին, որ 2025 թ. հունվարից ականատես ենք լինելու պետական հարկերի և տուրքերի բարձրացման, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է սպասելի գնաճի: Նախորդ տարի կառավարությունը հաստատեց՝ չեն բարձրացնելու նպաստները, աշխատավարձը, կենսաթոշակը, միևնույն ժամանակ ամենօրյա ռեժիմով խոսվում է հետվճարի համակարգի մասին՝ անվանելով դա կենսաթոշակի բարձրացում: Ստացվում է, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց ավելի շատ են ծախսում մասնավորաբար ուտելիքի, կոմունալ ծառայությունների և այլնի համար:
Քաղաքակիրթ աշխարհում միջին խավ ասվածը և սպառողը այլ է, Հայաստանում՝ լրիվ այլ: Մեր երկրի պարագայում միջին խավի մարդն իր աշխատավարձով ապրող մարդն է, որը կարողանում է հոգալ իր տարրական խնդիրները, երբեմն ուղղակի գոյատևել: Այս նույն գնաճը չի կարող շրջանցել նրանց: Վերջիններիս եկամուտները նվազելու են, մարդկանց կյանքը բարդանալու է: Մարդիկ, որոնք սոցիալական խնդիրների առջև են կանգնելու 2025 թվականին, մեր բնակչության մեծ մասն են կազմելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
Նրա խոսքով, հարկերի բարձրացումը չի կարող լինել միայն տնտեսվարողների խնդիրը: Դրանց բարձրացումը հաջորդիվ հարվածելու է սպառողներին: Մյուս կողմից՝ բարձրանում են տուրքերը, որոնց անմիջական թիրախում է սպառողը: «Գույքահարկի վճարն ամեն տարի ավելանում է, տեղական հարկերից ունեցանք ավտոկայանատեղիների վճարի ավելացում, այս տարի սպասվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացում, աղբահանության վճարի հետ կապված ևս որոշակի փոփոխություններ են նախատեսվում: Այսպիսով՝ տարբեր ուղղություններով գնաճ ենք տեսնում»,-նշում է մեր զրուցակիցը: Ստացվում է, որ քաղաքացու եկամուտները չեն աճում, բայց ծախսերն ավելանում են սրընթաց կերպով:
Հիշեցնում է՝ շատ քաղաքացիներ ապրում են հիմնականում Ռուսաստանից եկող տրանսֆերտների շնորհիվ: «Ռուսաստանում ռուբլու անկման պատճառով փաստացի այն եկամուտը, որը ստանում էր արտագնա աշխատողը, նախկինի համեմատ, եթե այն վերածում ենք դրամի կամ դոլարի, երկու անգամ և ավելի նվազել է: Ռուսաստանում էլ աշխատավարձերը գրեթե չեն բարձրացել, արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների եկամուտը նվազել է: Ստացվում է՝ նրանք ավելի քիչ գումար են ուղարկում, քան նախկինում, սա էլ իր հերթին ազդում է նրանց ընտանիքների եկամտի վրա: Վերջին երկուերեք տարվա ընթացքում նաև դրամն է արժևորվել: Գործոնները շատ են, որոնք ազդում են մարդկանց եկամուտների անկման վրա: Ակնհայտ է դառնում, որ կարող է ավելանալ աղքատությունը»,-հավելում է նա:
Կա մտահոգություն, որ այս իրավիճակում կարող է ավելանալ հատկապես աշխատող աղքատների թիվը: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը համակարծիք է այս տեսակետի հետ: «Մարդիկ աշխատում են, նրանց եկամուտները չեն ավելանում՝ ի տարբերություն ծախսերի: Ընդ որում, այս իրավիճակում ընկնում է նաև նրանց գնողունակությունը, աղքատությունը միանշանակ կավելանա: Այսօր «թիրախում» են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը: Սա էլ ավելի խնդրահարույց է»,- ասում է նա:
Պնդում է՝ կառավարությունը պետք է մտածեր այս հարցերի մասին, նախքան հարկերի և տուրքերի այս փոփոխությունները սկսելը: «Այնինչ նախապես պարզ էր, որ 2025 թվականին չեն բարձրանալու աշխատավարձը, նպաստն ու կենսաթոշակը: Բյուջեով դա նախատեսված չէր: Արդյոք ինչոր փոփոխություններ կլինե՞ն՝ խնդիրներից ելնելով, պարզ չէ: Գուցե մարդիկ դրական փոփոխությունների սպասումներ ունեն, բայց դա քիչ հավանական է: Եթե 2025 թ. պետական բյուջեի ընդունման ժամանակ այս ամենը հաշվի չեն առել, հիմա ի՞նչ պետք է անեն»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։