Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

22 Հունվար, 2025 14:40
Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի ձեռքբերումներ է ունեցել։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր և գործազրկության բարձր մակարդակը դեռևս հանդիսանում են աճի հիմնական խոչընդոտները:

Կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակում են բնակչության աշխատունակությունն ու արտադրողականությունը: Հայաստանը խոցելի է նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:

Նոր ռազմավարությունն ընդգծում է տնտեսական ցնցումների, անկայունության և հակամարտությունների, բնական աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը: Հաստատված գործընկերության շրջանակը կօգնի Հայաստանին ունենալ.

Ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղեր՝ ապահովելով մասնավոր հատվածի աճի ավելի լավ պայմաններ և հասցեագրելով աշխատուժի հմտությունների բացը:

Ավելի ուժեղ մարդկային կապիտալ՝ բարելավելով որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու սոցիալական պաշտպանությունը:

Ավելի դիմակայուն տնտեսություն՝ կլիմայի նկատմամբ կայուն տնտեսական գործունեության զարգացման և պետական և ինստիտուցիոնալ համակարգերի հզորացման միջոցով։ Սա ներառում է պետական ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և պետական կառավարման բարեփոխումները։

«Գործընկերության այս նոր շրջանակը վկայում է մեր հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին ավելի դիմակայուն և ներառական տնտեսություն կառուցելու գործում: Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և դիմակայունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքի որակը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները»,- ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) սերտ համագործակցության միջոցով: ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին և ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ:

ՄՖԿ-ն, իր ուշադրության կենտրոնում պահելով մասնավոր հատվածը,  նախատեսում է խթանել ներդրումները ենթակառուցվածքներում և տնտեսության իրական հատվածներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով:

Վերոնշյալ գործընկերության շրջանակում ՄՖԿ-ն կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունն ու ներդրումը կայուն ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպիսիք են «կանաչ» էներգիան, ջուրը, կապը և ավելի «կանաչ» տրանսպորտը: ՄՖԿ-ն նաև կաշխատի ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու կլիմայահենք ապրանքների հասանելիությունը, խթանելու կայուն ֆինանսներն ու կանաչ պարտատոմսերը, ինչպես նաև առաջ մղելու թվային փոխակերպումը: Նախատեսվում է, որ կազմակերպության ներդրումները կկազմեն 500-700 միլիոն ԱՄՆ դոլար:

ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն ասաց. «Մենք նպատակ ունենք խթանել մասնավոր հատվածի աճը Հայաստանում՝ օգտագործելով կայուն ֆինանսների և մասնավոր կապիտալի մոբիլիզացման մեր փորձը:

Նոր ռազմավարության շրջանակներում մեր համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք նպաստել կանաչ զարգացմանը՝ ապահովելով երկրի երկարաժամկետ բնապահպանական և տնտեսական բարեկեցությունը»։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին: 1992 թ․ Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում՝ մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը:

Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ 1995 թ․-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ անդամ պետություն, ՄՖԿ-ն ներդրել է մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ մոբիլիզացումը, ԲՆԵԳ-ը՝ մոտ 39 միլիոն ԱՄՆ դոլար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին