«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչեւ ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Չնայած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Մինսկի խմբի լուծարմանը համաձայն է մի պայմանով, որ կնքվի խաղաղության չարչրկված պայմանագիրը, սակայն տարեսկզբին Ալիեւի ագրեսիվ հայտարարություններից հետո, երբ Սյունիքում ուժով միջանցք բացելու բաց սպառնալիքներ հնչեցին, նա ընկրկեց՝ շտապելով համաձայնել այս հերթական պահանջին:
Ավելին՝ օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ իր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի: Մինչդեռ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում էր ընդունել, որ հայեցակարգը պետք է ներկայացվի 2026-ի դեկտեմբերին: Իսկ սա նշանակում է, որ 2027-ին պետք է լիներ սահմանադրական հանրաքվե։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է եղել` 1992-ից ի վեր: Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ` բոլորում Արցախը ունենալու էր անկախ կամ անկախին համազոր կարգավիճակում։ Հիմա, երբ Փաշինյանը հանրությանը համոզում է, որ Ղարաբաղը հանձնելու մասին է եղել բանակցային ողջ պատմությունը եւ երբ չկա Արցախն ու իրենց հայրենիքն էլ այս 29 հազար քառակուսի կիլոմետրից պակաս տարածքն է, հետեւաբար ինչի՞ է պետք այդ ֆորմատը։
Իրականում՝ Մինսկի խմբի առկայությունը Ադրբեջանին մտահոգում է, որովհետև քանի դեռ կա Մինսկի խումբը, դա նշանակում է, որ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Արցախի խնդիրը։ ՄԽ-ի լուծարումը հատուկ ընթացակարգ չի ենթադրում, պարզապես հակամարտող կողմերը պետք է համատեղ դիմում գրեն անդամ պետություններին։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա մի մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության եւ արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: