Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ

16 Հունվար, 2025 08:43
«Փաստ». Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Սա բավական բուռն քննարկումների տեղիք տվեց, եղան սպասելի կոշտ արձագանքներ նաև Ռուսաստանից:

Բայց նախ արձանագրենք, որ այս գործընթացի մեկնարկի շրջանակում ՀՀ իշխանություններն ամենաշատը վիզաների ազատականացման հարցն են ընդգծում, ինչից, անկեղծ ասած, նախընտրական «փիառի» շատ վատ «հոտ է գալիս»։ Իհարկե, վիզաների ազատականացումը դրական կլինի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպա մեկնելու և շրջագայելու առումով, բայց, բացի նրանցի, որ դա երկար տարիների հարց է, այն էլ՝ օդից «կախված», մի՞թե ներկայումս այն ամենակարևոր հարցն է։ Չէ՞ որ մեր երկիրը շատ ավելի լուրջ տնտեսական, արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել այս խնդիրների լուծումը, որպեսզի Հայաստանը կառույցի մաս կազմի։

Սկսենք տնտեսականից։ Անցած տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազման միտումներ է արձանագրում։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել անցում կատարելը մի կառույցի անդամակցություն, որի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում չի նկատվում։ Առաջին հերթին ԵՄ-ն այնպիսի կարգավորումներ ու ստանդարտներ է սահմանել, որոնք դժվարացնում են հայկական ապրանքների արտահանումը եվրոպական շուկա, կամ՝ եթե թեկուզ արտահանումն իրականացվում է, ապա դրված պահանջների արդյունքում հայկական ապրանքները դառնում են ոչ մրցունակ։

Բացի այդ, ԵՄ-ից անընդհատ խոստանում են, որ ներդրումներ են կատարելու Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում և ենթակառուցվածքներում՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու նպատակով, սակայն ընդամենը մի քանի միլիոն դոլար են տալիս որպես աջակցություն, որն էլ էական տնտեսական դերակատարություն ունենալ չի կարող։ Մյուս կողմից էլ՝ այդ ամենի արդյունքում Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը, ավելի ճիշտ՝ տնտեսական կախվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է ուժեղանում։ Ու պատահական չէ, որ Հայաստանը անցած տարի Ռուսաստանի խոշորագույն առևտրական գործընկերների տասնյակում է հայտնվել: Ընդ որում, հասկանալի է, որ սրա արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ է քաղում։

Հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության և այդ երկրից կապիտալի հոսքի արդյունքում է, որ վերջին մի քանի տարին Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ գրանցել ու որոշ լիցք հաղորդել մեր տնտեսությանը։ Եթե պայմանականորեն ընդունենք այնպիսի վիճակ, որ առևտրի նման տեմպեր չունենայինք, ապա ԵՄ-ն ի՞նչ քայեր պետք է ձեռնարկեր Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովելու համար։ Նույնիսկ նման քայլերի փորձեր չեն եղել, փոխարենը տնտեսական փոխհարաբերությունների պայմաններն ավելի են բարդացել։

Փաշինյանը ժամանակին նշում էր, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, ինչքան ԵՄ-ն է պատրաստ։ Բայց գործնական իրողությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն ոչ մի կերպ պատրաստ չէ, իսկ եվրոպական պաշտոնյաներն ուղղակի ձևական հայտարարություններ են անում, ուրիշ ոչինչ։ ԵՄ-ի հետ ունենք 2017 թվականին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Ու նույնիսկ դրա ընձեռած բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել, ուր մնաց, որ ԵՄ անդամակցության գործընթացը կարողանանք գլուխ բերել։ Դեռ չգիտենք, թե բանակցություններն ինչքան կտևեն, առաջընթաց կգրանցվի՞, թե՞ ոչ, և հարցական է, թե արդյոք օգուտներ կարո՞ղ ենք ունենալ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին