Կարևոր իրադարձություններ

Երիտասարդական խորհուրդ՝ Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր

12 Հունվար, 2025 16:32
Երիտասարդական խորհուրդ՝ Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր

Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Խորհուրդը ծառայելու է երիտասարդներին որպես հարթակ, որի միջոցով նրանք կարող են՝

գործի դնել իրենց հմտություններն ու պատկերացումները քաղաքականությունների մշակման ուղղությամբ,

քննարկել կլիմայի և բնապահպանության գծով առկա խնդիրները փորձագետների, որոշում ընդունողների և այլ կողմերի հետ

բարձրաձայնել իրենց շրջապատում և համայնքներում առկա խնդիրները և առաջարկել լուծումներ։

Խորհուրդը հիմնելու առաջնային նպատակը դեռահաս և երիտասարդ անձանց կարողությունների ամրապնդումն է՝ կլիմայի փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանավորման և որոշումների կայացման վերաբերյալ, որպեսզի երիտասարդ ջատագովները կարողանան ներգործություն ունենալ կլիմայի փոփոխությունների հետ կապված ներպետական քաղաքականությունների վրա։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իր գործընկերների հետ, կապահովի խորհրդի անդամներին անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և համագործակցության հարթակներով, որոնք անհրաժեշտ են Երեխաների, երիտասարդության և կլիմայական գործունեության մասին հռչակագրի շրջանակներում աշխատելու որպես կլիմայի փոփոխությանը դիմակայող գործիչներ։

Խորհուրդը նաև աջակցելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Նախարարությանը՝ առկա քաղաքականությունները, միջոցառումները քարտեզագրելու և վերլուծելու, ինչպես նաև առաջարկություններ մշակելու գործում, որոնց շնորհիվ գործողությունների ազգային ծրագիրը (ԳԱԾ) կդառնա առավել երեխայակենտրոն և երիտասարդամետ։

Հայտ կարող են ներկայացնել 16-ից 24 տարեկան շահագրգիռ երիտասարդները։
Խորհուրդը կազմված կլինի տարբեր կենսագրությամբ և տարբեր մարզեր ներկայացնող առավելագույնը 18 անդամից, ովքեր խորհրդի կազմում կգործեն առնվազն մեկ տարի և առավելագույնը երեք տարի ժամկետով։ Խորհուրդը կհանդիպի տարին առնվազն 6 անգամ, կլինեն նաև լրացուցիչ առցանց միջոցառումներ։

Հայտերի ուսումնասիրության հանձնաժողովը նախապես որոշված չափանիշների հիման վրա կգնահատի ստացված բոլոր հայտերը, որի արդյունքում նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցի փուլում թեկնածուներին հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել իրենց փորձն ու մոտիվացիան։

Հարցազրույցի փուլից հետո հանձնաժողովը ընտրելու է խորհրդի վերջնական կազմը՝ ապահովելով ընտրության արդարացի և համակողմանի գործընթաց։ Բոլոր դիմումատուները կտեղեկացվեն ընտրության գործընթացի արդյունքների մասին։

Դիմելու համար լրացրեք ստորև առկա դիմումաձևը մինչև 2025թ. հունվարի 25-ը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին