Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը կսահմանի պետությանը հանձնված նվերների տնօրինման նոր կարգավորումներ

04 Հունվար, 2025 14:47
Կառավարությունը կսահմանի պետությանը հանձնված նվերների տնօրինման նոր կարգավորումներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված հանրային ծառայողների և պաշտոնյաների կողմից պետությանը հանձնված նվերների տնօրինման գործընթացում ի հայտ եկած խնդիրների լուծմանը: Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծի ընդունումը նպատակ ունի պարզեցնել և արդյունավետ դարձնել նվերների տնօրինման գործընթացը, լուծել առկա բարդությունները՝ հատկապես շուտ փչացող գույքի դեպքում, ինչպես նաև սահմանել նոր կարգավորումներ գործընթացի հստակեցման համար:

Նախագծով նախատեսվում է կառուցակարգերի ժամկետների երկարաձգում՝ լիազոր մարմիններին ավելի երկար ժամկետներ տրամադրելու համար։ Նվերների տնօրինման համար գործող մեկօրյա ժամկետը կերկարացվի մինչև երկօրյա, պետական գույք կառավարման կոմիտեի կողմից որոշման կայացման յոթնօրյա ժամկետը կփոխարինվի երկշաբաթյա ժամկետով, շուտ փչացող գույքի առանձին կարգավորումներ կգործեն՝ նվեր ստացված սննդամթերքի համար սեղմ ժամկետների սահմանմամբ:

Արդարադատության նախարարության վերլուծությունը ցույց է տվել, որ նվերների տնօրինման առկա գործընթացը՝ սահմանված Կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշմամբ, առաջացրել է մի շարք գործնական դժվարություններ: Սրանք ներառում են սեղմ ժամկետների բարդությունները և շուտ փչացող գույքի կառավարման անարդյունավետությունը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործընթացների պարզեցում և արդյունավետության բարձրացում, նվերների տնօրինման ավելի ճկուն և թափանցիկ համակարգի ձևավորում, շուտ փչացող գույքի կառավարման հատուկ մեխանիզմների ներդրում: Նաև, հասարակական վստահության բարձրացում պետական կառավարման համակարգի նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին