Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՄԿՈՒ հաստատություններում կրթական ծրագրերի և տնտեսության կարիքների համապատասխանության վերաբերյալ դիտարկմանը։
«Իրականում ՄԿՈՒ ոլորտում բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները նախատեսված են, և գործատուների ներգրավվածությունը, սկսած կրթական ծրագրերի բովանդակության մշակումից մինչև քոլեջների կառավարում, օրենսդրորեն ամրագրված է։ Այստեղ ավելի շատ ունենք կոնկրետ աշխատանքի խնդիր կոնկրետ ոլորտների հետ, որպեսզի կարողանանք ապահովել ակտիվ համագործակցություն։ Կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված է, որ մենք կարող ենք ՄԿՈՒ հաստատության կառավարումն ընդհուպ մասնավորին հանձնել։ Մենք չունենք խնդիր՝ հաստատությունները պահել պետական կարգավիճակում, մենք ունենք տնտեսվարողների հետ արդյունավետ համատեղ աշխատելու խնդիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Տավուշի մարզի քոլեջներից մեկում մասնավորի հետ համագործակցության հաջողված նախադեպ արդեն կա, որը զարգացման հեռանկարային ուղղություն է։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ արձանագրվել են դրական ցուցանիշներ․ քոլեջներում և ուսումնարաններում կրթություն են ստանում 45 հազար ուսանողներ, և այս տարի կատարվել է հաջողված ընդունելություն՝ 2024 թվականին ՄԿՈւ հաստատություններ է ընդունվել 15058 ուսանող՝ 2023-ի համեմատ գրանցելով ընդունելության 11.4% աճ։
«Շնորհիվ մեր կրթաթոշակային նոր քաղաքականության՝ հատկապես արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում սովորելու համար են ակտիվ դիմում։ Իսկապես առաջնային եմ համարում, որ ծրագրերի բովանդակության շուրջ ունենանք կոնսենսուս, որպեսզի դրանք իրոք այսօրվա աշխատաշուկայի համար պահանջված հմտություններ ապահովեն»,- նշել է նախարարը՝ շեշտելով պետական շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցային աշխատանքի շարունակականությունը։
Նախարարությունից հիշեցնում են, որ անցյալ տարվանից պետության կողմից գերակա համարվող մի շարք մասնագիտությունների համար քոլեջներում և ուսումնարաններում սովորողներին տրվում է բարձր՝ 50 հազար դրամ կրթաթոշակ։