Կարևոր իրադարձություններ

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է մասնագետներին ներկայացվող պահանջներ սահմանող նախագիծը

20 Դեկտեմբեր, 2024 20:26
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է մասնագետներին ներկայացվող պահանջներ սահմանող նախագիծը

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում են քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգեր, ինչպես նաև պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրեր։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի լրամշակված նախագծի քննարկման նպատակով Քաղաքաշինության կոմիտեում կայացել է հանդիպում նախագիծը մշակող Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Փաստաթղթով նախատեսվում է կանոնակարգել քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման համար տնտեսվարող սուբյեկտներին ու որակավորված մասնագետներին ներկայացվող պահանջները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է բազմակողմանի վերլուծված փաստաթղթի ընդունումը, որը թույլ կտա իրականացնել լիցենզավորված կազմակերպությունների գործողությունների նկատմամբ համապատասխան հսկողություն և կհանդիսանա գործիք՝ քաղաքաշինության գործունեության սուբյեկտների հետագա վարկանիշավորման, քաղաքաշինության ոլորտում որակի բարձրացման համար։

Հանդիպմանը մանրամասն քննարկվել են մատուցվող ծառայության բնույթից կախված համապատասխան մասնագետների, բանվորական կազմի, տեխնիկական միջոցների պարտադիր առկայությանը վերաբերող պահանջները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեխնիկական հսկողության իրականացման դեպքում մի քանի օբյեկտներում մասնագետի միաժամանակյա ներգրավվածության հարցին՝ առաջարկելով որակյալ արդյունքի ապահովման նպատակով յուրաքանչյուր օբյեկտում ընդգրկել առնվազն մեկ հավաստագրված մասնագետ։

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունումը հնարավորություն կստեղծի մի կողմից՝ պատվիրատուին ճիշտ ընտրություն կատարել, մյուս կողմից՝ ազատ մրցակցության դաշտ ապահովել քաղաքաշինության ոլորտում։

 

Լրահոս

Դիտել ավելին