Կարևոր իրադարձություններ

Մեծապես կարևորում ենք մեր տարածաշրջանում անվտանգության ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի հետևողական ջանքերը. վարչապետ

17 Դեկտեմբեր, 2024 16:50
Մեծապես կարևորում ենք մեր տարածաշրջանում անվտանգության ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի հետևողական ջանքերը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: 

 «Մեծարգո պարոն վարչապետ, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական ու քաղաքական մեծ փորձառությունն ու կարողությունները գործի կդրվեն՝ ի շահ բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։ 

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ընդլայնելու հայ և ֆրանսիացի ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված` մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունները։ Իմ վճռական պատրաստակամությունն եմ հայտնում համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության շրջանակներում։

Մեծապես կարևորում ենք մեր տարածաշրջանում անվտանգության և արդար ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի հետևողական ջանքերը: Բարձր ենք գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։ 

Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ բովանդակային քննարկումներ անցկացնելու համար։ 

Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ Ձեր բոլոր ծրագրերում՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»,-նշված է ուղերձում: 

 

Լրահոս

Դիտել ավելին