ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և հաղորդակցության ուղիների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ որպես կայունության և տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման գրավական։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին և դրա իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին։