Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Սաշայիս երեխաներն են ապրելու ուժ տալիս. երազում էր՝ նրանք լավ կրթություն ստանան

30 Նոյեմբեր, 2024 09:55
«Փաստ». Սաշայիս երեխաներն են ապրելու ուժ տալիս. երազում էր՝ նրանք լավ կրթություն ստանան

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, հանգիստ երեխա էր, ընկերասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռայան՝ Ալեքսանդրի մայրիկը:

Ալեքսանդրին հարազատներն ու ընկերները Սաշա են կոչում: Զրույցի ընթացքում ակամայից ես էլ սկսեցի նրան այդպես դիմել: «Քույր ու եղբայր սիրող, ծնողներին հարգող տղա էր, լավ հայր ու ամուսին: Ամեն տեղ հարգանք էր վայելում ու սիրված էր՝ թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական շրջապատում, թե՛ ծառայության վայրում»: Երբ հարցնում եմ, թե ինչ հետաքրքրություններ ուներ Սաշան, մայրիկն արձագանքում է՝ ձկնորսություն էր շատ սիրում: Ալեքսանդրը ծնվել է Բաքվում 1985 թ.-ին: Երեք տարի անց ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Ալեքսանդրի և նրա ընտանիքի կյանքն անցել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, ստացել 8-ամյա կրթություն: «Գերազանց չէր սովորում, բայց չեմ կարող ասել, որ վատ աշակերտ է եղել: Ուզում էր կրթությունը շարունակել, լավ սովորել, բայց չստացվեց: Ու իր այդ երազանքի իրականացումն իր երեխաներին «փոխանցեց»: Ուզում էր, որ նրանք լավ սովորեն: Սաշաս չորս երեխա ունի»:

Ալեքսանդրի՝ որպես ժամկետային զինծառայողի ծառայությունն անցել է Արցախում՝ «Եղնիկներ» զորամասում: 2005 թ.-ին զորացրվել և տուն է վերադարձել: 2006 թ.ին պայմանագրային զինծառայության է անցել Հայաստանում, ծառայում էր Արտանիշի զորամասում՝ որպես վարորդ: «Սիրում էր ծառայությունը, համազգեստի հանդեպ հատուկ վերաբերմունք ուներ: Մի քանի անգամ գնաց Ռուսաստան աշխատելու, ես էլ իրեն ասում էի՝ մենակ մի գնա, երեխաներիդ էլ տար հետդ: Բայց հակադարձում էր. «Ես Ռուսաստանում չեմ ապրելու, որ մի հատ էլ երեխաներիս տանեմ: Նորից պիտի պայմանագրային ծառայությանը վերադառնամ»:

Այդպես էլ մնաց այստեղ, նորից պայմանագրային ծառայության անցավ, դե, իսկ հետո էլ պատերազմ սկսվեց»: Հետաքրքիր բան է, չէ՞: Ասում են՝ ծնողի սիրտը միշտ կանխազգում է դժբախտությունը, զրույցի ընթացքում մտածում էի՝ գուցե տիկին Ռայայի սիրտն էլ էր հուշում մոտեցող ողբերգությունը, այդ պատճառով էր հորդորում որդուն ընտանիքով տեղափոխվել այլ երկիր ապրելու: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Բնականաբար, տագնապ է հայտարարվում բոլոր զորամասերում: Ալեքսանդրն այդ օրը ևս զորամասում էր, երկու օր մնում է այնտեղ, հետո արդեն ճանապարհ են ընկնում Քարվաճառ:

Այդ ընթացքում՝ սեպտեմբերի 29-ի գիշերը տուն է գալիս երեխաներին տեսնելու համար: Համբուրում է նրանց, հրաժեշտ տալիս կնոջը, ասում, որ երեխաներին լավ նայի: Բոլոր հարցերին ի պատասխան նշում է՝ գնում ենք, բայց թե ուր, կոնկրետ տեղ չի նշում: Մայրիկն ասում է՝ այդ մի քանի օրերի ընթացքում կարողացել են Ալեքսանդրի հետ զրուցել, իսկ հոկտեմբերի 1-ին եղել է վերջին և երկար զրույցը: Միշտ հանգստացրել է տան անդամներին, թե իրենց հետ ամեն բան կարգին է: «Մեզ այդպես էլ չասաց, թե որտեղ է: Մյուս տղայիս էր ասել, թե ուր է գնում: Եղբայրը Սաշային է ասել՝ մի գնա, մնա, Սաշան էլ եղբորն է ասել՝ դու մի գնա: Բայց արդյունքում երկուսն էլ գնացել են Քարվաճառ: Իսկ մենք չենք էլ իմացել, թե իրենք որտեղ են: Հեռախոսով զրուցում էինք:

Հարցնում էինք՝ լա՞վ եք, «հա, մա՛մ ջան, շատ լավ ենք»: Դա լսում ու մի քիչ հանգստանում էինք: Էլ ի՞նչ կարող էի հարցնել՝ ուտելիք ունե՞ք, սովա՞ծ չեք, «չէ, մա՛մ ջան, ամեն ինչ էլ ունենք, մեքենան լիքն ուտելիք է»: Ալեքսանդրի երեխաներից ամենակրտսերը նոր էր ծնվել, ինչպես ժողովուրդն է ասում, անգամ քառասունքից դուրս չէր եկել: Սաշան մայրիկին ասել էր. «Մա՛մ, կգամ, երեխուս քառասունքը դուրս կգա, կանեմ քառասունքը»: Սաշայի այս և մնացած բոլոր ցանկություններն անկատար են մնում: Ալեքսանդրը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում:

«Հոկտեմբերի 2-ի առավոտյան, երբ թշնամու հետախույզները մտնում են մեր տարածք, մերոնք փորձում են կանխել ներթափանցումը, սակայն թշնամին ուժեղ կրակահերթ է բացում մեր զորքի ուղղությամբ, առաջխաղացում ունենում: Մեր տղաները թեժ մարտի մեջ են ներգրավվում: Երբ մի փոքր հանդարտվում է իրավիճակը, Սաշան փորձում է հասկանալ՝ թշնամու զինվորներից ողջ մնացած կա՞, թե՞ ոչ: Մոտենում է, փաստորեն, ողջ է լինում, կրակում ուղիղ Սաշայի սրտին»: Ալեքսանդրը շուտ է տուն «վերադարձել»: «Մյուս տղաս էլ էր մարտի դաշտում՝ Սաշայից ոչ շատ հեռու, բայց ավելի բարձր հատվածում: Լսել է, որ վարորդներից մեկը զոհվել է: Կանխազգացել է, որ եղբայրն է: Եկել է, որ տեղում հասկանա, թե ով է զոհվել, պարզվել է, որ Սաշան է: Եղբայրն էլ Սաշային տուն բերեց»: Ապրելու ուժի մասին: «Իր երեխաներն են ինձ ուժ տալիս: Ամեն երեխայի ծնվելուց ինձ ասում էր՝ քո հույսով եմ»:

Հ. Գ. - Պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին