«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ավանդական դարձած կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է անցկացվել, որտեղ զեկուցողը եղել է վարչապետը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ դահլիճում ազատ աթոռ չի եղել:
Նրանք, ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ նիստի նախօրեին ՔՊ անդամներին աստիճանական կարգով տեղեկացնում են այդ օրվա նիստի եւ թեմայի, գլխավոր զեկուցողի մասին եւ պահանջում տեղեկացնել՝ հաստատո՞ւմ են իրենց մասնակցությունը, թե՞ ինչ-ինչ պատճառներով ներկա չեն գտնվի։ Երեկվա նիստից հրապարակված տեսանյութում երեւում էր, որ ներկա էր ՔՊ գրեթե ողջ ֆրակցիան, գործադիրի անդամները, անգամ համայնքի ղեկավարներ եւ մարզպետներ կային։ Շատերը թերեւս մտածել են՝ խառնակ ժամանակներ են, գնանք` ներկա գտնվենք, լսենք վարչապետին, գլխով ու խոսքով ցույց տանք, որ իր հետ համակարծիք ենք, որ հանկարծ մի sms էլ մենք չստանանք։
Նիկոլ Փաշինյանի զեկույցի առանցքային թեման եղել են կադրային քաղաքականությունը եւ հատկապես վերջին ժամանակների sms-ային ազատումները, որոնք տեղի ունեցան գործադիր, օրենսդիր եւ նույնիսկ դատական համակարգում։ Նիկոլ Փաշինյանը հիմնականում իրեն բնորոշ խոհափիլիսոփայական, դասախոսության ոճով ներկայացրել է, թե պետական կառավարումը եւս կենդանի օրգանիզմ է, եւ պետք է ըմբռնումով մոտենալ, որ ինչ-որ պահի, ինչ-որ օղակում կարող են կադրերը լճանալ, ինչ-որ տեղում՝ թերանալ, ուստի պետք չէ ցավագին կամ անձնավորված ընդունել այդ ազատումները։ Վստահեցրել է, որ անձնական որեւէ խնդիր չի ունեցել եւ չունի ազատվող պաշտոնյաներից եւ ոչ մեկի հետ, հիշատակել է իր մանկության ընկեր Վահե Ղազարյանին (ՆԳՆ-ում ասել էր` 37 տարվա ընկերներ ենք), որ անգամ կարող է մոտ ընկերոջն ազատել, քանի որ գալիս է ժամանակ, որ, իր խոսքով, ամենանվիրյալները կարող են լճանալ։
Նորից գովեստի խոսքեր է ուղղել բոլոր ազատված պաշտոնյաների հասցեին, որ չեն մերժել պաշտոնը լքելու իր խնդրանքը, եւ մանավանդ շեշտել է Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի անունը, ասելով` շնորհակալ եմ, որ, լինելով անկախ կառույցի ղեկավար, չի մերժել իմ խնդրանքը։ Թեեւ գրեթե նույն կարգավիճակում էին նաեւ մյուս հեռացողները, իսկ ԲԴԽ նախագահն ու պատգամավորը, առհասարակ, խիստ պաշտպանված էին օրենքով:
ՔՊ-ական ներկաներից ոմանց կարծիքով, Փաշինյանը Քյարամյանին շեշտելով` «լսեցրել» է Հովիկ Աղազարյանին, որ դու երկու շաբաթ է՝ դիմադրում ես, իսկ Քյարամյանն ապրի` արագ փասափուսեն հավաքեց` չմերժելով իր խնդրանքը: Եվ անգամ ակնարկել է, որ դա կգնահատվի առաջիկայում։ Այսինքն` մի պաշտոն կտամ ինձ լսողներին:
Հովիկ Աղազարյանը, ի զարմանս շատերի, նույնպես ներկայացել է նիստին եւ մինչեւ վերջ մնացել քննարկմանը։ Բոլորը սպասել են, որ Փաշինյանը նրան անարգանքի սյունին կգամի, բայց նա ոչ մի բառ չի ասել:
Երբ Նիկոլ Փաշինյանն ավարտել է իր խոսքը, ավանդույթի պես հայտարարել է` լսում եմ ձեր հարցերը, որից հետո էլ անցնում են ելույթներին։ Սակայն Փաշինյանն անակնկալի է եկել, երբ հարցերի համար հերթագրում հայտարարելուց հետո պարզվել է, որ ոչ մեկը հարց տալու ցանկություն չունի: Նա զարմացած, գրեթե հանդիմանական տոնով հարցրել է՝ ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, ինչից հետո մի 5-6 հոգի «ամոթու» գրանցվել են, որ հարց տան, մի քանիսն էլ ելույթ ունենան։
Խմբակցությունում կասկած չունեն, որ վերջին իրադարձություններն այնպես են ազդել ՔՊ-ականների տրամադրության վրա, որ Փաշինյանը բռնել է նրանց վախը, եւ հիմա շատերը, շառից-փորձանքից հեռու, նախընտրում են լռել, քանի որ չգիտեն, թե ինչը կարող է վարչապետի զայրույթը հարուցել, եւ ինչից հետո նա մի sms էլ իրենց կուղարկի»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։