Կարևոր իրադարձություններ

Հավատում եմ ձեր նվիրումին. մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների (լուսանկարներ)

04 Դեկտեմբեր, 2024 18:11
Հավատում եմ ձեր նվիրումին. մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել սուսերամարտիկ Ալիկ Նավասարդյանին, լողորդ Անի Բարիկյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանին, սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Լուսինե Կարապետյանին և Անահիտ Վարդանյանին, ցատկացանց մարզաձևի ներկայացուցիչ Վանիկ Վարդանյանին, սամբիստ Սեյրան Սարուխանյանին, ազատ ոճի ըմբիշ Հենրիկ Հայկյանին:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել բազկամարտիկ Ազատ Սրապյանին, ուշուիստ Դավիթ Վարդանյանին, ազատ ոճի ըմբիշ Մեժլում Մեժլումյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ Աշոտ Խաչատրյանին, Մանվել Խաչատրյանին և Հայկ Խլոյանին, ծանրորդներ Էմմա Պողոսյանին և Աննա Ամրոյանին, սամբիստ Համլետ Սուքիասյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Դիմելով սպորտի վարպետի կոչում ստացած մարզիկներին՝ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սա առաջին քայլն է, և նրանք պետք է շարունակեն ջանասիրաբար աշխատել ու ձգտել հաղթանակների:

«Միջազգային վարպետի կոչում ստացողները, ըստ էության, իրենց երկրորդ քայլն են կատարում. հաջորդ՝ ամենակարևոր քայլը, պետք է կատարեք դեպի սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Իհարկե, դա բարդ է և շատ ավելի լուրջ ջանքեր է պահանջում: Ես հավատում եմ ձեր ուժերին ու նվիրումին և վստահաբար կարող եմ ասել, որ ձեզնից շատերը կհասնեն նաև այդ կոչմանը, որը շատ հազվադեպ է շնորհվում հատուկենտ մարդկանց»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ մարզիկներին մաղթելով հաջողություն:

 

Լրահոս

Դիտել ավելին