«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի վարչական տարածքում մոլիբդենի հանքավայրի կառուցման եւ մոլիբդենի արդյունահանման թույլտվություն տալու հարցը: Նիստին մասնակցել են ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնապահպաններ, Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր համայնքների բնակիչներ:
«Մեղրաձոր գոլդ»-ի ներկայացուցիչն ասել է.
«Հանքավանում առկա է պղնձի եւ մոլիբդենի հարուստ հանքավայր: Տվյալ հանքարդյունաբերության ճյուղը զարգացնելու նպատակով մենք դիմել էինք համայնքապետարան, տեղի ունեցավ հասարակական լսում՝ դրական եզրակացությամբ»։
Ապա հարցը դրվել է ավագանու քննարկմանը: Ավագանու անդամ Արմեն Ասատրյանն առարկել է.
«Եթե հանքավայրը 60-ականներին հետազոտվել է, ու արգելվել է դրա շահագործումը, հիմա եթե բացում ենք, ի՞նչ է լինելու Ծաղկաձոր եւ Հրազդան քաղաքի բնակիչների վիճակը»: Մեկ ժամից ավելի տեւած թեժ քննարկման արդյունքում 5 դեմ, 3 ձեռնապահ ձայներով ավագանին համաձայնություն չի տվել աշխատանքներ իրականացնելու նախագծին:
Ի դեպ, այստեղ եւս մասնակից է ՔՊ-ի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որը գործընկերոջ հետ ընկերություն է հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։