Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից

30 Նոյեմբեր, 2024 09:24
«Փաստ». Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։

Նախորդի համեմատ որոշակի փոփոխություններ են կատարվել, օրինակ՝ Երևանի պետական համալսարանի «Երկրաբանություն», «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» մասնագիտության համար նախատեսվող քննությունների շարքում «Աշխարհագրություն» քննությունը փոխարինվել է «Մաթեմատիկա» առարկայի քննությամբ՝ որպես պարտադիր, իսկ «Աշխարհագրությունը» և «Անգլերենը»՝ որպես կամընտրական քննություն: Սա միակ փոփոխությունը չէ:

Ընդունելության քննությունների ցանկում կատարվող փոփոխությունների պատճառ կարող է լինել դիմորդների՝ տարեցտարի նվազող թիվը, այսինքն՝ նպատակը կարող է լինել բուհ ընդունվելու գործընթացը հեշտացնելը: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ նման միտում կա: «Բոլոր բուհերում և մասնագիտություններում փորձում են գրավել առանց այդ էլ նվազող և առանց այդ էլ քիչ դիմորդներին:

Նախորդ տարիների ընդունելության քննությունների փորձը ցույց տվեց՝ այն առարկաների դեպքում, որոնք շատ տարածված չեն, օրինակ՝ «Քիմիան», «Աշխարհագրությունը» և այլն, ո՛չ կրկնուսույցներ են մնացել, որ երեխաների հետ պարապեն, ո՛չ էլ նորմալ արդյունք են ցույց տալիս դիմորդները, ուղղակի դիմում են այդ մասնագիտություններով, և մեծ մասը ստանում է անբավարար գնահատական ու չի ընդունվում բուհ։ Հիմա այդ քայլով փորձ է արվում ինչ-որ ձևով դիմորդների գրավել, որպեսզի այդ ֆակուլտետները չփակվեն:

Նույն մտահոգությունն արտահայտվում է ուսուցիչների ատեստավորման գործընթացում։ Վերցրեք «Քիմիա» առարկայից ուսուցիչների ատեստավորման արդյունքները և կտեսնեք, որ և՛ դիմորդներն են քիչ, և՛ հաղթահարողներն են անհամեմատ քիչ: Դա ցույց է տալիս, որ «Քիմիան» «մահանում» է:

Մինչդեռ Հայաստանում խորհրդային տարիներին, անկախության առաջին տարիներին «Քիմիան», «Ֆիզիկայից» հետո երկրորդ տեղում էր: Գիտահետազոտական ինստիտուտներ կային և այլն, որտեղ շատ լավ արդյունքներ էին գրանցվում: Ցավոք, հիմա ունենք այսպիսի իրավիճակ: Ընդ որում՝ այնպես չէ, որ ուսանողներ գրավեն, դրանով ուղղությունը կզարգանա:

Դա էլ իր հերթին բերելու է նրան, որ ավարտող մասնագետներն այդ ոլորտում չեն լինի, որովհետև դրանից շատ բան չեն իմանա: Ամբողջական փակ շղթա է հստակվում, և դա բերում է նրան, որ բնագիտական ուղղությունները կամաց-կամաց դուրս են մղվելու մեր կյանքից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը»,-նշում է Ատոմ Մխիթարյանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին