Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրել է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և ՀՌՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի վարիչ Արմեն Գրիգորյանը:
Կարևորելով նմանօրինակ աշխատաժողովի անցկացումը՝ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սպորտն այլևս միայն ֆիզիկական վարժությունների համալիր չէ. «Սպորտն այսօր մեծ գիտություն է, և հաջողության հասնելու համար պետք է կիրառել գիտական առաջընթաց մեթոդներ: Հնարքներ, վարժություններ կատարել գիտեն բոլորը, բայց դրանց կատարման արդյունավետությունից է բխում հաջողության հասնելու կարճ ճանապարհը: Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ, որպեսզի կարողանանք հաջողություններ ակնկալել սպորտում»:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայ-ռուսական համալսարանի հագեցած ենթակառուցվածքային պայմաններին, ինչպես նաև ուսանողական սպորտի զարգացման անհրաժեշտությանը: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սրանք այն պայմաններն են, որոնք կարող են նպաստել պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը:
«Աշխարհն այսօր ձգտում է ակումբային սպորտի զարգացմանը. ամբողջ աշխարհում ուսանողական սպորտը մեծ սպորտի, մեծ նվաճումների հիմք է դառնում: Այսօրինակ պայմաններ են պետք՝ ստեղծելու հենց այն ակումբը, որն ապագայում կմասնակցի ազգային առաջնություններին, իսկ դրա անդամները կընդգրկվեն հավաքականների կազմում և հետո հանդես կգան ազգային հավաքականների դրոշի ներքո՝ ի պատիվ երկրի: Պետության դերը սպորտում անհերքելի է, բայց միայն Կառավարության միջոցներով սպորտ կառուցելն անհնար է: Մասնավորի հետ համագործակցությունը շատ կարևոր է. պետք է ստեղծվեն ակումբներ, որոնք կամաց-կամաց թելադրող կդառնան ազգային առաջնություններում և ներկայացուցիչներ կունենան մեծ սպորտում», - ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու շնորհակալություն հայտնել ՀՌՀ ղեկավարությանը՝ հագեցած ենթակառուցվածք ստեղծելու համար:
Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը ևս ողջունել է ներկաներին. «Գիտաժողովի ընթացքում կհնչեն շատ կարևոր ելույթներ, որոնք օգտակար կլինեն մեր մարզիչների համար: Բոլորս շատ լավ գիտենք, որ յուրաքանչյուր արդյունքի 50 տոկոսից ավելին ճիշտ գիտությունն է, սպորտային բժշկությունը: Սպորտային գիտությունը համաշխարհային գիտության մի մասն է, որը սպասարկում է մեր մարզիկներին»:
Նա նաև առանձնահատուկ շեշտել է, որ Հայ-ռուսական համալսարանն ամբողջ ներուժով պատրաստ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ գիտական առումներով օգնել հավաքականներին, մարզիկներին և մարզիչներին:
Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, ՀՀ մարզական ֆեդերացիաներից, մարզադպրոցներից, անվանի մարզիկներ, ավելի քան 300 մարզիչներ:
Աշխատաժողովի նպատակն է կատարելագործել մարզիչների գիտելիքները սպորտի հոգեբանության, մանկավարժության, բժշկության և սպորտի կառավարման ոլորտներում: Աշխատաժողովի շրջանակում դասախոսություններ են կարդալու և սեմինարներ են վարելու ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող գիտական գործիչներ և ոլորտի փորձառու մասնագետներ: