Լուսանկարը՝ РИА Новости գործակալության
Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Կահիրեում հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Սիրիական հեղափոխության ազգային կոալիցիայի նախկին նախագահ Ահմեդ ալ-Ջաբրայի հետ: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու ճգնաժամը քաղաքական կարգավորմամբ լուծելուն ուղղված ջանքերը՝ 2012 թվականի հուլիսի 30-ին ընդունված Ժնևյան կոմյունիկեի հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ փոխարտգործնախարարը հստակեցրել է Սիրիայում Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի գործողության հիմնական նպատակները, որն ուղղված է «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
Ավելի վաղ Միխայիլ Բոգդանովը Սիրիայի հակամարտության կարգավորումն ու երկրում ահաբեկչության դեմ պայքարը քննարկել էր «Սիրիական ընդդիմության Կահիրեի հանդիպման կոմիտեի» ներկայացուցիչների հետ: