Գյումրու բնակիչ Մարտին Ղազարյանի ազգական Սոնա Ավետիսյանին ամիսներ առաջ վիրահատել են «Գյումրի» բժշկական կենտրոնում, սակայն կարճ ժամանակ անց առաջ են եկել հետվիրահատական բարդություններ:
Հիվանդին պետպատվերի շրջանակներում երկրորդ անգամ վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վիրահատության ընթացքն ու հետվիրահատական փուլն անցել են բարեհաջող:
Մարտին Ղազարյանը, սակայն, ունի որոշ չպարզաբանված հարցեր, որոնք այսօր բարձրացրեց: Մասնավորապես, «Առաջին լրատվական»ի հետ զրույցում պարոն Ղազարյանը իր տարակուսանքը հայտնեց, թե ինչու են երկրորդ վիրահատությունն իրականացնելու համար իր ազգականուհուն ուղեգրել Երևան, և այն չեն կազմակերպել Գյումրիում:
Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Գյումրի» ԲԿ մամլո խոսնակ Նարեկ Կիրակոսյանի հետ: Զրույցում պարոն Կիրակոսյանը նշեց, որ Սոնա Ավետիսյանն այժմ էլ բուժում է ստանում «Գյումրի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում: Իսկ Երևան «Արմենիա» ԲԿ ուղեգրելու ու այնտեղ երկրորդ վիրահատությունն անցկացնելու խնդիրը կապված է միայն այն հանգամանքի հետ, որ տիկին Ավետիսյանի համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոքր տրամաչափի անոթների վիրահատություն, իսկ «Գյումրի» ԲԿ-ն միկրոանոթային վիրահատությունների մասնագետ չունի: «Մենք մտահոգված էինք Սոնա Ավետիսյանի առողջության խնդրով, որը վտանգի տակ էր հայտնվել, ուստի և հարմար նկատվեց ուղեգրել Երևան: Մենք Գյումրիում չունենք միկրոանոթային վիրահատությունների մասնագետ»,- նշեց Գյումրի ԲԿ մամլո խոսնակը: