Կարևոր իրադարձություններ

Ինձ մնար, Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից և կավարտվեի Ատլանտյան օվկիանոսով. Միրզոյան

22 Հունվար, 2025 22:49
 Ինձ մնար, Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից և կավարտվեի Ատլանտյան օվկիանոսով. Միրզոյան

Հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին։

Պատասխանելով պատգամավորի՝ ՄԹ կառավարության կողմից ճամփորդական խորհուրդների վերաբերյալ հարցին, նախարար Միրզոյանը նշել է.

«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից ուսումնասիրեք կամ Ձեզ լավ չեն ասել, կամ Դուք ամբողջը չեք կարդացել. իրականում մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների մասով: Կան որոշ բաներ, որոնց հետ համաձայն չենք, կան ինչ-որ բաներ, որոնց հետ կարող ենք համաձայն լինել, բայց դուրս է հանված ավելի խիստ դիրքորոշումը, և հետևաբար, Դուք ինչ-որ ասում եք, նախկինում ևս եղել է, ուղղակի հիմա Դուք չեք տեսնում կամ այդքան հետ չեք գնացել: Սա է, ըստ էության բովանդակային հատվածը։

Հաջորդիվ, մեկ այլ անդրադարձում, նախարար Միրզոյանը հավելել է, որ պատգամավորի կողմից ճանապարհի վերաբերյալ վկայակոչվող հատվածը եղել է բրիտանական կողմի նախորդ հաղորդագրության մեջ՝ կրկին ընդգծելով, որ այս տարի՝ հունվարին արված թարմացումով արվել է մեղմացում՝ ահաբեկչության վտանգի մասով։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Որ ասում եք Շուռնուխից, Ջերմուկից «թուրքերին քշենք», թուրքերը Հայաստանի Հանրապետության այն մյուս՝ արևմտյան կողմում են: Ադրբեջանցիներին եթե նկատի ունեք, մենք կրկին ասում ենք, որ մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ` 200 քառակուսի կիլոմետրից ավել, և իհարկե, պետք է մեր փաստարկները, հիմնավորումները, թղթերը, քարտեզները ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ: Սկսել հյուսիսից, թե հարավից, Դուք կրկին Ձեր մտքի մեջ, եթե անկեղծ գնահատականս կամ դիրքորոշումս եք ուզում, Դուք կրկին Ձեր մտքի մեջ ունեք գծած մի բան, որը Ձեր մտքի մեջ է: Ինձ մնար, անկեղծ ասած, Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից և կավարտվեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կա ևս 200 պետություն:

Երբ առնչվում ենք հարցերի, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև այն 200-ից յուրաքանչյուր այլ երկրի, ապա պետք է հասկանանք, որ որևէ բան կարող ենք անել, երբ որ երկկողմ համաձայնություն կա այդ մասին: Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի: Մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ, հենասյուներից մեկը: Ե՛վ մեր կողմից է եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից՝ եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Հիմա շատ հստակ պայմանավորվածություն ունենք»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին