Կարևոր իրադարձություններ

Պետք է զարգացնել անկախ ռեժիսորներին, իսկ դերասանները պետք է լեզուներ սովորեն. Արթուր Ղուկասյան

11 Հոկտեմբեր, 2015 22:11
Պետք է զարգացնել անկախ ռեժիսորներին, իսկ դերասանները պետք է լեզուներ սովորեն. Արթուր Ղուկասյան

«Հայ դերասանների միության», «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մշակույթի նախարարության կողմից թատրոնը որպես գերակա ճյուղ համարելուն, ասաց, որ նախարարությունը միշտ ուշադիր է թատրոնների հարցում։

 

«Ամեն դեպքում որքան մենք ներկայացրել ենք նախագծեր, որոնք մենք կարծել ենք, թե հետաքրքիր են, երևի 90 տոկոսին աջակցել են»,– ասաց նա:

 

Արթուր Ղուկասյանը գտնում է, որ նախևառաջ պետք է զարգացնել անկախ խմբերին, այսինքն, անկախ ռեժիսորներին անկախ նախագծերի համար տրվի բեմադրելու հնարավորություններ: Այդ համատեքստում նա հայտնեց, որ «ՀայՖեստ»-ի շրջանակում լավագույն ներկայացումները ցուցադրել են ռեժիսորները, որոնք անկախ են, այսինքն` չեն ղեկավարում ինչ-որ մեծ թատրոններ կամ ակտիվություն նկատվել է փոքր պետական թատրոնների կողմից:

 

«Իմ կարծիքով՝ նաև պետք է զարգացնել կրեատիվ կլաստերները, երբ որևէ քանդված գործարան տրվում է արվեստի մարդկանց, որպեսզի այնտեղ սկսեն կազմակերպել միջոցառումներ և դա մշակութայնացնեն,  դա տարբեր երկրներում է արվում է»,-ասաց նա և նշեց, որ արդեն ժամանակն է, որ դա Հայաստանում ևս արվի:

 

«Հայ դերասանների միության» նախագահը նշեց, որ նախկինում նույնիսկ ազատ բեմ չկար, իսկ հիմա թատերական գործիչների միությունում կա ազատ բեմ, որտեղ ռեժիսորները կարող են բեմադրություն անել: «Իմ կարծիքով, եթե այսպես շարժվի նախարարությունը, այսինքն` զարգացնի այն ամենը, ինչն արդեն անում է, շատ լավ կլինի»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է հայ դերասանների սոցիալական վիճակին, Արթուր Ղազարյանն ասաց, որ օրինակ ԱՄՆ-ում դերասանները սոված են. «Այնտեղ պետական թատրոն չկա և չեն հասկանում դա ինչ է, և նույնիսկ խաղացանկային ներկայացումները քիչ են: Հայաստանի դերասաններն ավելի ապահով են, այստեղ դերասանը ստանում է քիչ աշխատավարձ, իսկ այնտեղ չի ստանում ընդհանրապես: Սակայն այնտեղ հնարավորությունները ավելի շատ են, իսկ մեզ մոտ քիչ են, որովհետև մեր շուկան փոքր է»,-ասաց նա և նշեց, որ իսկապես տաղանդավոր մարդն, անպայման, աշխատանք կունենա և անհնար է, որ նա տաքսու վարորդ դառնա:


«Ես չեմ կարծում, որ մեզ մոտ դերասանի վիճակն ավելի վատ է, քան թե ուսուցչի վիճակը, եթե մենք վերցնենք ընդհանրապես Հայաստանի սոցիալական վիճակը, ապա դերասաններն ունեն նույն հնարավորությունները և նույն վիճակում են, ինչ բոլորը»,-ասաց նա:

 

«Հայ դերասանների միության» նախագահն ասաց, որ միշտ ուսանողներին ասում է՝ սովորե՛ք անգլերեն, ռուսերեն, որովհետև Ռուսաստանը Հայաստանին մոտ մեծ շուկան է: «Տաղանդավոր դերասանը, եթե անգլերեն չգիտի, ինչպե՞ս  խաղա արտերկրում»,-ասաց նա:

 

Անդրադառնալով հանդիսատեսին՝ նա նկատեց, որ Հայաստանում հանդիսատեսը որակական իմաստով դրական փոփոխություն է կրել և դարձել է ավելի պրոֆեսիոնալ, պահանջկոտ ու ցանկանում է տեսնել որակով բաներ:    

 

Լրահոս

Դիտել ավելին