Shabat.am լրատվական կայքի Business Insider նախագծի շրջանակներում ներկայացնում ենք Մեգերյան կարպետ ընկերության ստեղծման պատմությունը:
Shabat.am-ի զրուցակիցն է Մեգերյանների երրորդ սերդնի ներկայացուցիչ՝ Րաֆֆի Մեգերյանը, և արտադրության գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը:
-Պարո՛ն Մեգերյան, Ձեր ընկերությունը տասյակ տարիների պատմություն ունի, ովքե՞ր էին առաջին սերնդի ներկայացուցիչները, որոնք սկսեցինք զբաղվել գորգագործությամբ:
- Առաջիններից մեկը եղել է իմ մեծ պապիկը, 1917թ.-ին իմ նախնիները՝ Մեգերյանները, գաղթել են ԱՄՆ, և հիմնադրել են Մեգերյան ընկերությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է վերջին չորրորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որի հիմքում ընկած էր գորգերի տեսքի և հնագույն ոճի պահպանության սկզբունքները: Ընթացքում զարգացրեցին և կիրառեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր և հանգույցի հին հայկական տեխնոլոգիաները:
1973թ.-ին մենք տեղափոխվեցինք ԱՄՆ և շարունակեցինք իրենց գործը:
-Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում ո՞ր կառույցներն են զարդարում Մեգերյանների գորգերը:
-Գորգերից ուղարկել ենք Հասարակածային Գվինեա, վաճառել ենք Սպիտակ Տանը, Հայաստանի նախագահական նստավայրի բոլոր գորգերը, որոնք շատ հաճախ տեսնում եք, դրանք ևս Մեգերյանների արտադրանք է: Մեր գորգերը զարդարում են Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Շվեդիայի և այլ պետությունների նախագահական նստավայրերը:
-Այս պահի դրությամբ ո՞ր երկրներում ունենք արտադրամասեր:
-Ունեինք Ռումինիայում, ներկայումս՝ Պակիստանում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Եգիպտոսում, որը ամենահաջողակ արտադրամասերից մեկն է:
-Ո՞ր ազգերի հետ է ավելի հեշտ աշխատել՝ հայերի, թե՞ օտարերկրացիների:
-Պակիստանում մեր արտադրության տարածքը բավականին մեծ էր՝ այն երկու մասի բաժանեցինք, որ մի տեղում կանայք աշխատեն, մյուս տեղում՝ տղամարդիկ: Կանանց տարածքում անգամ ես իրավունք չունեի ներս մտնելու, բայց մեկ-երկու ամիս անց կանայք բողոքեցին թե տղամարդիկ վերևի հարկերից իրենց են նայում, այլևս հնարավոր չէր ինչ-որ բան անել, որպեսզի փակեինք այդ տարածքը, ստիպված կանանց համար բացված արտադրամասը փակեցինք:
-Քանի՞ աշխատակից ունեք այսօր:
-Հայրիկիս ասել էի, որ պետք է մինչև 2500 աշխատակից ունենանք:
-Լեոնիդ Անդրեասյան
-1800 գորգագործ ունեցանք, իսկ ընդհանուր 2000 աշխատակից, կհասնեինք 3000-ի, եթե 2009թ.-ի ճգնաժամը չլիներ: Այդ ճգնաժամն ամբողջ աշխարհի գորգագործությանը հարվածեց: Աշխատատեղերի քանակը կրճատեցինք, քանի որ պետք էր դիմանալ այդ ճգնաժամին: Արտադրության հզորությունը իջեցրեցինք, բայց աշխատանքը չկագնեց: Ճգնաժամը քիչ-քիչ հետ է նահանջում, բայց գնողունակությունն այդքան չի բարձրացել, քանի որ դրանից հետո մեկ ուրիշ ճգնաժամ սկսեց Ռուսաստանում, Եվրոպայում, իսկ դրանք մեզ համար հզոր շուկաներ էին: Արտադրությունն արդեն ավելացնում ենք, աշխարհին խաղաղություն լինի, արդեն կաշխատենք նախկին հզորությամբ:
-Պարո՛ն Մեգերյան, հայտնի է, որ Քարդաշյան քույրերն այցելել են Մեգերյան ընկերություն, ի՞նչ ազդեցություն ունեցավ նրանց այցը:
-Աշխարհը ծանոթացավ մեր Հայաստանին, հասարակությունը 24 ժամվա ընթացքում որոնողական համակարգում փնտրեց Հայաստան բառը: Քարդաշյան քույրերը կապնվեցին իրենց արմատների հետ: Քիմ Քարդաշյանն իր հարցազրույցների մեջ բազմիցս հայերի մասին է խոսում: Քարդաշյան քույրերից հետո շատ հայտնիներ Մեգերյան կարպետում շոուներ կազմակերպեցին և այդ կերպ Հայաստանն ավելի ճանաչելի դարձավ ամբողջ աշխարհում: Այն ժամանակ երբ ասում էինք Արմենիա, մարդիկ հասկանում էին Ալբանիա, իսկ հիմա՝ այն ասոցացնում են Քիմ Քարդաշյանի հետ:
-Ամենաերկար գորգը որը գործել եք ի՞նչ չափերի է հասնում և որտե՞ղ է այն:
-Ամենաերկար գորգը գործել ենք 2005թ.-ին, այն 17 մետր երկարություն ունի և գտնվում է Հայաստանի նախագահական նստավայրում:
-Որքա՞ն արժե ամենաթանկ գորգը:
-Ես իմ հավաքածուում ունեմ գորգ, որը 1 միլիոն դոլար արժե, դա կվաճառվի, բայց չեմ վաճառում, թող թոռնիկներս վայելեն: Դա այն գորգերից է, որոնք զարդարում են Անգլիայի թագուհու պալատը, դրանք մի քանի օրինակ են ու համարակալված:
-Մեգերյանները բացի գորգագործությունից, ունե՞ն այլ բիզնեսներ :
-Մենք շատ հաճախ զբաղվում ենք բարեգործությամբ, իսկ ինչ վերաբերում է բիզնեսներին՝ նաև շինարարություններ ենք իրականացնում:
-Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հաջողության հասնելու համար:
-Աշխատել, աշխատել և կրկին աշխատել: Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք, որպեսզի հասնենք ավելի մեծ բարձունքների: Դեռ շատ անելիքներ կան, եթե մի քանի տարի առաջ այստեղ լինեիք կտեսնեիք, որ ամենինչ տարբեր է: Ամիսների կամ տարիների ընթացքում ոչինչ չանես և ասես, որ ամեն ինչ բավական է շուտ կծերանաս:
Լեոնիդ Անդրեասյան
-Մեգերյանն իրականում շատ է աշխատում, դա երևի թե իր բնավորություն է, երբ ասում է աշխատել-աշխատել, ճիշտ է ասում, և երևի թե հենց դա է հաջողության գրավականը, ով աշխատասեր է՝ հաջողության է հասնում: Մենք էլ օրեցօր նրան ենք նմանվում:
Ստորև ներկայացված լուսանկարում պատկերված է թանգարանը, որը միշտ բաց է այցելուների համար: Թանգարանը բացվել է Րաֆֆի Մեգերյանի ծնողների անունով, քանի որ նա միշտ ցանկացել է, որ Հայաստանում ևս արտադրություն լինի, որպեսզի հայկական մշակույթը պահպանվի:
Թանգարանում փակցված են Մեգերյանների չորս սերունդների լուսանկարները.
Մեգերյան կարպետի արտադրամասում և թանգարանում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի գորգերի, որոնք զարդանախշերի միջոցով ինչ-որ թաքնված նամակ են պարունակում իրենց մեջ:
Սիրիայից եկած փախստականներից մեկը, ով մասնագիտության եղել է ոսկերիչ, հայկական զարդանախշերով արծաթյա զարդեր է պատրաստել, որն այժմ ցուցադրված է Մեգերյանների արտադրամասում: Րաֆֆի Մեգերյանը ցանկանում է արծաթյա զարդերի արտադրանքը ևս ընդլայնել:
Մեգերյանները գորգ են նվիրել Ջորջ և Ամալ Քլունիներին
Քարդաշյան քույրերին նվիրված գորգի կրկնօրինակը գտնվում է Մեգերյան կարպետի արտադրամասում.
Շուտով նրանց արտադրանքը կզարդարի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի նստավայրը, ինչպես նաև Գանձասարի եկեղեցին:
Հայկական զարդանախշերով գորգերը ունեն յուրահատուկ գույն և փայլ, քանի որ դրանք բնական ներկանյութով են պատրաստվում: Օրինակ՝ անթառամ ծաղիկներովներկվում է դեղինը, ընկույզի կեղևով՝ շագանակագույնը, տորոնի արմաով՝ կարմիրը, միակ ներկրվող գույնը ինդիկոն է, որը բերվում է Հնդկաստանից՝ սրանից ստանում են կապույը գույնը, իսկ ահա շիբով և գինեքարով իրականացվում է գույների ֆիքսացիա:
Մեգերյան կարպետում գորգերի արտադրությանը զուգահեռ, հենց նույն վայրում գործում է ռեստորան, որը բացվել է 2014թ.-ին: Նպատակը մեկն է՝ հայկական գորգերն ու Արարատյան խոհանոցը ներկայացնել մեկ վայրում պահպանելով ավանդական մշակույթը:
Զբոսաշրջիկներից բացի Մեգերյանների ռեստորան այցելում են նաև Հայաստանի և արտերկրի պետական գործիչներն ու համաշխարհային աստղերը: Հաճելի մթնոլորտն ու յուրահատուկ ուտեստները պատրաստված են Արարատյան խոհանոցի բաղադրատոմսերով:
Մարիամ Մելքումյան
Խաչատուր Էլլոյան