Կարևոր իրադարձություններ

Ուրցը՝ ժողովրդական բժշկության մեջ

10 Հոկտեմբեր, 2015 23:00
Ուրցը՝ ժողովրդական բժշկության մեջ

Ուրցը շրթածաղկավորների ընտանիքին պատկանող վայրի բույս է: Այս բույսի լատիներեն անվանումն է՝ Thymus: Ուրցը Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայն գործածություն ունեցող բույս է: Այն օգտագործում էին դեռեւս հին հույները. ուրցը նրանց համար խիզախության խորհրդանիշ էր: Իսկ հռոմեացի զինվորները խիզախություն եւ ուժ ավելացնելու համար, մարտից առաջ, լողանում էին ուրցի ջրով: Ուրցը պարունակում է եթերայուղ, որի բաղադրիչներն են` թիմոլը, կարվակրոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը: Այն պարունակում է նաեւ հետեւյալ քիմիական տարրերը` կալիում, կալցիում, մագնեզիում: Բուժման նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում եւ չորացնում բացօթյա պայմաններում: Ավիցենան բույսից ստացած եթերայուղերը քսելու ձեւով օգտագործում էր գլխացավի համար, իսկ ամբողջ բույսը խորհուրդ էր տալիս օգտագործել փսխման եւ ասթմայի դեպքում: Դրանից պատրաստված թուրմը կարելի է օգտագործել ողողումների տեսքով` որպես բուժամիջոց բերանի խոռոչի հիվանդությունների եւ անգինայի ժամանակ: Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի եւ այլ օգտակար նյութերի հետ խառնած, շատ լավ է ամբողջ օրգանիզմի աշխատանքին: Այն շատ լավ միզամուղ միջոց է, լավացնում է տեսողությունը, կերակրի հետ ուրցի օգտագործումը հանգստացնում է ատամնացավը: Ուրցը շատ ծանրամարս ուտելիքը դարձնում է դյուրամարս: Այն կանոնավորում է շնչառությունը եւ մի կարեւոր հատկություն եւս` աղիներից դուրս է բերում կլոր եւ տափակ որդերին: Միայն խորհուրդ չի տրվում շատ ուրց օգտագործել արյան ցածր ճնշում ունեցողներին: Հաշվի առնելով այն փաստը, որ շատ-շատերն են աշխատում համակարգչով ու հոգնածություն զգում, առաջարկում ենք աչքերի հոգնածությունից ազատվելու դեղատոմս: Հոգնածությունից ազատվելու համար շատ է օգնում երիցուկի, մաղադանոսի, լորենու, սամիթի ու ծոթորի, ուրցի (տիմյան) թրջոցը: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 15 րոպե: Հետո բամբակը թրջում եք այս թուրմով ու դնում փակ աչքերին` թողնելով 3-4 րոպե: Այդ թուրմը պետք է սառը չլինի: Իսկապես այն հրաշալի է հանում աչքերի կարմրությունն ու հոգնածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին