Կարևոր իրադարձություններ

ԵՏՄ սահմանը բացվել է. Հայաստան են գալիս անգամ ադրբեջանական ներդիրով դեղեր

31 Հոկտեմբեր, 2015 12:41
ԵՏՄ սահմանը բացվել է. Հայաստան են գալիս անգամ ադրբեջանական ներդիրով դեղեր

«Փաստինֆո»-ն գրում է. 

«Երբ ԵՏՄ սահմանը բացվեց, մեր ներկրողները մտածեցին, որ կարող են մեծ եկամուտներ ստանալ, և սկսվեց էժան դեղերի հոսքը դեպի Հայաստան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Նրա խոսքով ՌԴ-ում դեղերն անհամեմատ էժան են` ի հաշիվ դոլարի նկատմամբ ռուբլու ինֆլյացիայի, մեծ շուկայի: Ուստի հայ գործարարների համար սահմանի ազատականացումը դեղորայքի շուկայում մեծ գումար աշխատելու հնարավորություն ստեղծեց:
 
«Տրամաբանորեն մրցակցությունը պետք է, որ գների նվազման հանգեցներ: Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինը դրանից չի նվազում: Ոչ ոք դեղի գինը շուկայում չի փոխում»,- ասաց Հակոբ Թոփչյանը: 
 
Մեր հարցին, թե սա չի նշանակում արդյո՞ք, որ դեղորայքի շուկայում առկա են հակամրցակցային պայմանավորվածություններ, պարոն Թոփչյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց մենք ուսումնասիրեցինք այս դաշտը և դիմեցինք նախարարին: Գումարեցինք բոլոր ներմուծող և արտադրող ընկերությունների ժողով և դիմեցինք շուկայի խաղացողներին, որպեսզի իրենք հավասարեցնեն գները: Ենթադրենք դեղն այսօր ՌԴ-ում արժե 100 ռուբլի, Հայաստանում էլ թող ունենա համարժեք գինը»:
 
Հակոբ Թոփչյանի խոսքով, որոշ տնտեսվարողներ գնացին որոշակի զիջումների, և մի շարք դեղերի գները ՌԴ-ում, ՀՀ-ում ու Վրաստանում հավասարվեցին: Արդյունքում դրանց հոսքը Հայաստան դադարեց, բայց մյուսները ոչ մի քայլ չարեցին, ու քաոսային ներմուծումն այսօր էլ շարունակվում է: 
 
«Նա դեղատան հետ մտնում է առևտրի մեջ, ասում է ի՞նչ դեղ ես ուզում: Այս դեղն այս գնով կբերեմ, այս դեղը` այս: Այսինքն` տիպիկ առևտրային հարաբերություններ են: Դեղատունն էլ ասում է` բեր ես քեզանից կգնեմ,- դեղորայքի շուկայում առկա իրավիճակն է նկարագրում զրուցակիցս,- Ինքն էլ բերում է ՌԴ-ից տվյալ դեղը, կամ մեզ ցույց է տալիս, կամ մեզ ցույց չի տալիս, հանում է շուկա, և շուկայում այդ դեղը սկսում է շրջանառել: Այսինքն` մենք մտնում ենք ավելի ռիսկային զոնա»:
 
Ռիսկը, մասնագետի խոսքով, կայանում է նրանում, որ դեղերի գործակալությունն այլևս հայտնվել է խաղից դուրս վիճակում, և չի կարող վերահսկել, թե ով ինչ որակի դեղ է ներկրում ու վաճառում Հայաստանում: Ի դեպ, գորչծակալությունը դեղորայքի որակը վերահսկող միակ պետական մարմինը չէ:
 
«Տեսչություն ունենք, որը պետք է գնա շուկան վերահսկի: Բայց ասում է` ես իրավունք չունեմ գնամ շուկան վերահսկեմ, քանի դեռ որոշակի հասցեով բողոք չի ստացվել: Պետք է բողոք լինի, որ դրա հետևից գնան շուկա` ստուգելու: Տեսչությանը չի տրված ազատություն, որ ինքը մտնի դեղատուն, ասի` այս դեղը որտեղի՞ց եք ձեռք բերել: Ինքը կարող է ասել միայն` ես բողոք ունեմ, այս մարդը, որ օգտագործել է այս դեղը, նա վնաս է կրել»,- ասում է Հակոբ Թոփչյանը:
 
Կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանն էլ, ներկայացնելով գործող կարգը, նշեց, որ մեր երկրում գրանցված ցանկացած դեղ կարող  է ազատորեն ներկրվել ցանկացած ներկրողի կողմից: «Միակ պայմանը դեղի նմուշը նույնական լինի գրանցվածին, այսինքն՝ բոլոր չափորոշիչները պետք է համընկնեն գրանցված դեղի չափորոշիչներին»,- ասաց Արբերտ Սահակյանը՝ հավելելով, սակայն, որ այսօր, բաց սահմանների արդյունքում «պայուսակներով գնում են, դեղ են բերում, ու մինչև 3 անգամ ավել եկամուտ ստանում»:
 
Ստեղծված իրավիճակը շտկելու համար կենտրոնի տնօրինությունը դիմել է ՀՀ Առողջապահության նախարարին՝ միջոցներ ձեռք առնելու, որպեսզի Հայաստան մտած բոլոր դեղերը փորձաքննության ենթարկվեն, այնպես, ինչպես դա արվում էր մինչև ԵՏՄ անդամակցուոյւնը:
 
«ԵՏՄ-ի ազատ առևտրի պայմաններում այսպես է՝ դու կարող ես մաքսային գոտի չմտնել, տանել քո պահեստ, հարկային մարմին ներկայացնել քո ապրանքագիրը, ստանալ այդ փոքր պիտակն ու հանել վաճառքի: Այսինքն մենք՝ որպես որակի գնահատման մարմին, դուրս մնացինք այդ շղթայից: Սակայն կառավարությունն ասաց. «Մենք էլի սահմանը չենք փակում, թող ինքը էլի իր ապրանքը տանի պահեստ, բայց թույլտվություն ստանա առողջապահության նախարարությունից, նոր հանի իր ապրանքը շուկա՚: Բայց որոշ ներմուծողներ, անտեսելով այս կետը, միանգամից հանում են իրենց ապրանքը շուկա»,- ասաց Հակոբ Թոփչյանը:
 
ՙՄինչև հիմա մենք ժամով կարող էինք ասել, թե տվյալ դեղը ով է ներկրել, ինչ քանակով և երբ: Հիմա մենք դա չգիտենք»,- ասաց նա: 
Անվերասհկելի առևտրի պայմաններում հայաստյան դեղատներում հայտնվեցին դեղեր, որոնց օգտագործումը լավագույն դեպքում անօգուտ է հիվանդի համար, վատագույն դեպքում՝ կարող է անգամ վնասել:
 
«100 դոլարանոց դեղը ՌԴ սև շուկայում այսօր կարելի է 30 դոլարով վերցնել` կեղծը: Եթե այդ գնով վերցրել ես, ուրեմն արդեն գիտես, որ կեղծն ես վերցրել, ու հիմա ամեն ինչ պիտի անես, որ իրացնես, չէ՞ 100 դոլարով»,- օրինակ է բերում Հակոբ Թոփչյանն ու հաշվում, որ նման դեղորայք ներկրողը եռակի գերշահույթ է ստանում: 
 
«Բոլոր այդ կարգի դեղերը մեզ մոտ կամ Վրաստանից են գալիս, կամ ՌԴ-ից: Այսինքն` երկու երկիր մեզ վրա աշխատում է»,- ասաց զրուցակիցս: 
 
Հայաստան վերջերս անգամ ադրբեջանական ներդիրով, ադրբեջաներեն գրությամբ դեղ է ներկրվել: Կենտրոնի աշխատակիցները պարզել են, որ այն Հայաստան է հասել Վրաստանից: Բայց մինչ այդ Վրաստան է ներկրվել Ադրբեջանից՝ որպես էժան դեղ:
 
«Մերոնք էլ գնացել էժան առել են, որ բերեն Հայաստանում թանկ ծախեն»,- ասում է Հակոբ Թոփչյանը՝ այս հարցում ևս օրենքի անկատարության խնդիր նկատելով ու հիշեցնելով, որ այս ոլորտում գործող օրենսդրությունը դեղ ներկրողներին թույլ է տալիս փոխել դեղի այլալեզու ներդիրը: 
 
«Մենք դեղեր ունենք դեղատներում վաճառվող, եվրոպական պիտակներով: Այսինքն` եվրոպական ինչ-որ երկրի դեղատնից այդ դեղը եկել է Հայաստան: Լինում է հիվանդներից են հավաքում, բերում:  Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ փող աշխատենք»,-ասաց տնօրենը: 
 
Ներկայում գործող 1998թ-ին ընդունված դեղերի մասին օրենքն արդեն չի համապատասխանում արդի իրավիճակին, իսկ նոր օրենքի նախագիծը, որ տևական ժամանակ է հասել է Աժ, դեռ քննարկման չի դրվել:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին