Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանը «պադդերժկա» արեց խնամուն. «Ժամանակ»

09 Հոկտեմբեր, 2015 08:36
Հովիկ Աբրահամյանը «պադդերժկա» արեց խնամուն. «Ժամանակ»

Նախօրեին Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Մասիսի հատվածը փակելուց եւ տեւական պայքարից հետո ուշ երեկոյան գյուղացիներին հաջողվել է 4 օր շարունակ արեւի ու անձրեւի տակ մնալուց հետո մթերել իրենց բերքը։ Սակայն ոչ թե Գագիկ Ծառուկյանին պատկանող Մասիսի գործարանում, այլ Մխչյան գյուղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատ-Վինկոն» գործարանում։

Ճանապարհը փակած գյուղացիներն ասացին, որ նախորդ օրը երեկոյան, երբ դեպքի վայր է ժամանել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, նա հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո հայտարարել է, թե ամեն ինչ կարգին է, կարելի է շարունակել մթերումը։ Երբ խաղողագործները ճանապարհը փակած իրենց մեքենաները քշել են դեպի Մասիսի քաղաքում Ծառուկյանին պատկանող գործարան, կրկին խոչընդոտների են հանդիպել, եւ ավելի ուշ պարզվել է, որ իրենց խաղողը կարող են մթերել ոչ թե Ծառուկյանի, այլ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում։ Ուշ երեկոյան արդեն «Վինկոն» գործարանում բերքը մթերված էր։ Փաստորեն խնամի Աբրահամյանը չի թողել, որ խնամի Ծառուկյանի դեմ ծավալված բողոքի ակցիան թեժ զարգացումներ ստանա եւ ճարահատյալ մթերել է խնամու հետ պայմանագրեր ունեցողների բերքը։

Ի դեպ, գյուղացիները մեզ հետ զրույցում նաեւ ասացին, որ գյուղնախարարությունը ոչ մի լծակ չունի ազդելու Ծառուկյանի ու նրան պատկանող գործարանի վրա, որպեսզի ընդունեն գյուղացիների բերքը։ Առավել եւս, եթե նրանք նախօրոք պայմանագրեր են կնքել Ծառուկյանի հետ։ Նախօրեին, երբ պաշտոնյաների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարի ու փոխնախարարի այցերից հետո խաղողագործները գնացել են Ծառուկյանի գործարան, գործարանից պատասխանել են, որ իրենք ենթարկվում են միայն Ծառուկյանին, միայն Ծառուկյանը կարող է ասել՝ մթերե՞ն խաղողը, թե՞ ոչ։ Իսկ Ծառուկյանն ասել է՝ ոչ։

Նշենք, որ նույն վիճակն է նաեւ Արմավիրի մարզում։ Այնտեղ եւս Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանում տեւական ժամանակ է՝ հրաժարվում են մթերել խաղողը, թեեւ նրանք պայմանագրեր ունեն Ծառուկյանի հետ, եւ նա էլ նախապես գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա։ Սակայն ինչ-որ պահից Ծառուկյանը «զադնի» դրեց՝ հայտարարելով, որ «էս երկրում ինքը միակը չէ» ու «քաքը չի ընկել», որ գործարաններ ունի։

Ստեղծված վիճակում խաղողագործներին այլ բան չին մնում, քան, իրենց խոսքով՝ ջրի գնով մթերել խաղողը, եթե դա հաջողվի, կամ, ինչպես նախօրին գյուղացիներից մեկն էր վարվել, պարզապես թափել բերքը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին