«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը, ըստ էության, չի համապատասխանում թե’ ներկայիս կառավարման համակարգին, թե’ միջազգային պահանջներին եւ ստանդարտներին:
Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարի տեղակալը նշել է, որ քննարկմանը ներկայացված «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձի տեւական եւ խորքային ուսումնասիրությունները, ինչպես նաեւ 2024 թվականի մայիսին Տավուշի եւ Լոռու մարզերում տեղի ունեցած աղետալի դեպքերը:
Զեկուցողի խոսքով օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորումը: Ստանդարտների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները եւ յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները` արդյունքում ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային եւ տեղային օբյեկտային մակարդակներ:
Ըստ փոխնախարարի` գործընթացների կառավարումն առավել դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում գործելու բոլոր պլանները դարձնել թվային ու արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռել միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ վարելու հնարավորություն:
Նախագծի ընդունմամբ կներդրվի արտակարգ իրավիճակի հետեւանքով կյանքի, մահվան, ինչպես նաեւ անձի գույքին եւ առողջությանը պատճառված վնասների պարտադիր ապահովագրություն: Արմեն Մկրտչյանը տեղակացրել է, որ օրինագծով ընդլայնվում են նաեւ ոլորտի հասկացությունները:
Զեկուցողը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումների ընդունմամբ էլ կերաշխավորվի աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության ոլորտը կանոնակարգող պահանջների պահպանում. դրանք խախտելու դեպքերի համար օրենսգրքով սահմանվում է համապատասխան պատասխանատվություն:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ տեղեկացրել, որ ապահովագրության ընդունման դրույթի հետ կապված ապահովագրական ընկերությունների հետ դեռեւս քննարկումներ չեն եղել:
Հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության եւ համապատասխան ծառայությունների հետ: Դրույթի վերաբերյալ աշխատանքները կշարունակվեն նաեւ ապահովագրական ընկերությունների հետ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին. այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: