Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ն առաջիներից է ներդրել արհեստական բանականությունը. որևէ աշխատակից չի կորցրել աշխատանքը. Հակոբյան

21 Մարտ, 2025 18:30
 ՊԵԿ-ն առաջիներից է ներդրել արհեստական բանականությունը. որևէ աշխատակից չի կորցրել աշխատանքը. Հակոբյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մարտի 21-ին մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «Հաջողակ կարիերայի բանաձևը» թեմայով պանելային քննարկմանը։

Աշխատել հանրային, թե՞ մասնավոր ոլորտում․ պանելային քննարկման խոսնակները ներկայացրել են աշխատանքի ընտրության վերաբերյալ իրենց դիտարկումներն ու մոտեցումները։

ՊԵԿ նախագահը, որ նաև ՀՊՏՀ-ի շրջանավարտ է, ուսանողների հետ կիսվել է հանրային հատվածում իր գործունեության փորձով և անցած ճանապարհով։ Էդուարդ Հակոբյանը կարևորելով հանրային հատվածում աշխատանքը՝ ընդգծել է, որ այն փորձ և գիտելիք ձեռք բերելու, յուրաքանչյուրն ինքն իրեն վերագտնելու, ինչպես նաև պետության, հանրության զարգացման գործում էական ազդեցություն ունենալու հնարավորություն է ընձեռում։

Հանրային, թե մասնավոր հատվածի միջև ընտրություն կատարելուց առաջ՝ Էդուարդ Հակոբյանն ուսանողներին հորդորել է նախևառաջ որոշել, թե ընտրված  աշխատանքում որն է լինելու յուրաքանչյուրի առաքելությունը։ Անդրադառնալով հանրային ծառայողի աշխատանքի արդյունավետության գնահատմանը՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ պետական համակարգում, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեում ներդրված է աշխատակիցների լրացուցիչ խրախուսման մեխանիզմ։

Ինչ վերաբերում է թվայնացման գործընթացին, Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ թվայնացումն այլընտրանք չունի, իսկ արհեստական բանականությունը թեպետ այսօր շատ հնարավորոթյուններ է ընձեռում, միաժամանակ ռիսկեր է պարունակում։ Պետական եկամուտների կոմիտեն առաջին պետական կառույցներից մեկն է, որ ներդրել է արհեստական բանականությունը, սակայն դրա արդյունքում որևէ աշխատակից չի կորցրել աշխատանքը։ Ավելին, ըստ ՊԵԿ ղեկավարի, Կոմիտեի աշխատակիցները վերապատրաստվում են՝ արհեստական բանականության գործիքակազմը համակարգում արդյունավետ կիրառելու նպատակով։

Պանելային քննարկման ավարտին խոսնակները պատասխանել են ուսանողների հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական։

 

 

Լրահոս

Դիտել ավելին