Մարտի 4-ին Կորիզ կրթական ծրագիրը և Edu Network կրթական խորհրդատվական կազմակերպությունը պաշտոնապես ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը «Կորիզ առարկայական» մրցույթի մասնակիցներին կտա բացառիկ հնարավորություն՝ ուսումնական ամառային ծրագրերի միջոցով սովորելու աշխարհի առաջատար համալսարաններում և դպրոցներում։
Այս նոր համագործակցությունը հայ աշակերտներին հնարավորություն կտա ամբողջ աշխարհում ձեռք բերել որակյալ կրթական փորձ, նոր մասնագիտական կապեր, ինչպես նաև զարգացնել լեզվական և միջմշակութային հմտություններ։
Կորիզ-ի մասնակիցներն այժմ կարող են մասնակցել ամառային դպրոցների և կրթական ճամբարների՝ համաշխարհային հեղինակություն վայելող կրթական հաստատություններում, ներառյալ՝
University College London (UCL) – Մեծ Բրիտանիա
University of California, Los Angeles (UCLA) – ԱՄՆ
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակադեմիա – Իսպանիա և այլ միջազգային կրթական կենտրոններ։
Համագործակցության շրջանակում 2025 թվականի «Կորիզ առարկայական» մրցույթի 6-ից 11-րդ դասարանների հաղթողներից լավագույնին, որպես մրցանակ, կտրամադրվի 2026 թվականին Չեխիայի հանրապետությունում իրականացվող երկշաբաթյա ճամբարային կրթական ուղեգիր և այցելություն դեպի Փարիզ և մեկ օր կախարդական Disneyland ։
Կորիզ հիմնադիր Սուրեն Ալոյանը նշում է․
«Այս համագործակցությունն ավելի լայն հնարավորություններ կբացի մեր աշակերտների առջև՝ ապահովելով նրանց կապը աշխարհի լավագույն կրթական հաստատությունների հետ։ Մենք հավատում ենք, որ կրթությունը պետք է դուրս գա սահմաններից և դառնա իսկապես գլոբալ»:
«Էդու Նեթվորք» ՍՊԸ կրթական խոհրդատվական կազմակերպության տնօրեն Սաթինե Ղարաքեշիշյանը նշում է․ «Կորիզ»-ի և «Էդու Նեթվորք»-ի այս համագործակցությունը միտված է միջազգային ծրագրերի իրականացման միջոցով աշակերտների համար ստեղծել հնարավորություն օգտվելու համաշխարհային կրթական համակարգի ընձեռած հնարավորություններից, ինչպես նաև ձեռք բերելու նոր կապեր, զարգացնելու լեզվական և մասնագիտական հմտություններ, ստեղծելու միջազգային համագործակցության նոր կամուրջներ և ստանալու գիտելիք ու փորձառություն իրենց նախընտրած ոլորտում կիրառելու համար»:
Կորիզը շարունակում է իր առաքելությունը՝ կրթության միջոցով նոր հնարավորություններ ստեղծել հայ երեխաների համար։