Կարևոր իրադարձություններ

Իրանի փոխնախագահը հրաժարական է տվել

03 Մարտ, 2025 10:32
Իրանի փոխնախագահը  հրաժարական է տվել

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի սկզբին նշանակվել էր հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում, հրաժարական է տվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ։

Զարիֆը երկրորդ անգամ է հրաժարական տալիս ներկայիս կառավարության կազմում իր պաշտոնավարման ընթացքում. նա առաջին անգամ հայտարարել էր իր մտադրության մասին անցյալ տարվա օգոստոսի 11-ին՝ նշանակումից ընդամենը տասն օր անց, սակայն նախագահն այն ժամանակ չէր բավարարել նրա խնդրանքը։

Ներկայում Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող են լինել տարաձայնությունները՝ կապված երկրի կառավարության նոր կաբինետի կազմի հետ։

«Կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատել են, որ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել Մասուդ Փեզեշքիանին», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Զարիֆի հրաժարականի մասին լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանի անդամները կիրակի ճնշող մեծամասնությամբ քվեարկել են էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմփիչմենթի օգտին:

Նախարարին իմպիչմենտ հայտարարելու խորհրդարանի որոշման պատճառը Հեմմատիի՝ տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունն է, որոնցից հիմնականը «գնաճն ու ֆինանսական անկայունությունն» էին։

 

Լրահոս

Դիտել ավելին