ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների եւ Պետական կառավարման ակադեմիայի` Ազգային ժողովում փորձաշրջան անցնող ուսանողների հետ:
Նույն օրը Ռուստամ Բաքոյանը հանդիպել է նաեւ Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ:
Հանդիպումների ընթացքում պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացրած աշխատանքները: Խոսելով ազգային փոքրամասնությունների խնդիրների եւ իրավունքների պաշտպանության մասին՝ պատգամավորը նշել է, որ դրանց հաճախ լուծումներ են տրվում օրենսդրական նախաձեռնությունների միջոցով:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության ուղղություններին, հարեւան երկրների հետ հարաբերություններին, Հայաստանի անվտանգային խնդիրներին, ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Ռուստամ Բաքոյանը նշել է, որ խաղաղություն հաստատելու հարցում Հայաստանն ունի կամք եւ ցանկություն: Անդրադարձ է կատարվել նաեւ ֆիզիկական անձանց հայտարարագրերին, տրանսպորտի ոլորտում իրականացված բարեփոխումներին:
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է, որ յուրաքանչյուր բարեփոխում իրականացնելիս անհրաժեշտ է ճիշտ իրազեկել հանրությանը: