Մոսեսովը պատմության մեջ դարձել է Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ:
Ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Մոսեսովը 57 երկրի 100 մարզիկների թվում գրավել է 34-րդ տեղը: Ընդ որում՝ այս մրցաձևի որակավորման փուլում նա 6-րդ տեղն էր զբաղեցրել: Հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 61 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում գրավել է 47-րդ հորիզոնականը:
Առաջնությանը մասնակցել է նաև ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը և զբաղեցրել 53-րդ տեղը:
Հայաստանն օրերս ներկայացուցիչ է ունեցել նաև Իտալիայի Տոբլախ քաղաքում ընթացող պարադահուկավազքի աշխարհի առաջնությունում:
10 կմ դասական ոճում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Մելքոնյանը 14 պետությունների 30 մարզիկների շրջանում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 144.50 միավոր: Մելքոնյանը հանդես է եկել նաև 20 կմ դասական ոճում: