Կարևոր իրադարձություններ

2024-ում ՀԱԷԿ-ում իրականացվել է 23 ստուգայց, տրվել՝ 265 կարգադրագիր

17 Հունվար, 2025 15:30
2024-ում ՀԱԷԿ-ում իրականացվել է 23 ստուգայց, տրվել՝ 265 կարգադրագիր

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաղորդագրություն է տարածել 2024 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ: 

Միջուկային տեղակայանքների նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն: Վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության 15 համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման փաթեթներ, վերլուծվել են անվտանգության համար կարևոր ծրագրերում և հրահանգներում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթներ, կազմվել են եզրակացություններ: Տրամադրվել են անվտանգության համար կարևոր աշխատանքների իրականացման 6 թույլտվություններ։

Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվել է 4 ստուգայց, անվտանգության տեսանկյունից կարևոր պաշտոն զբաղեցնող 4  անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Կոմիտեի կողմից իրականացվել է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիտարկում և վերլուծություն։ Կոմիտեի կողմից շարունակել է իրականացվել նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ընտրված նախագծերի ուսումնասիրություն:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործմամբ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում Կոմիտեն իրականացրել է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում (83) և նոր լիցենզիայի տրամադրում (իրավաբանական անձ՝ 26, ֆիզիկական անձ՝ 93), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում՝ 5, լիցենզիայի գործողության դադարեցում՝ 9: 2024 թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիային կից պահանջների կատարման ուսումնասիրություններ, ըստ անհրաժեշտության կատարվել է ռադիոակտիվ աղբյուրի շահագործումից հանում ու վնասազերծում և այլն:

2024 թ․ իրականացվել է 23 ստուգայց, որի արդյունքում տրվել է 265 կարգադրագիր։ Անվտանգության տեսանկյունից կարևոր պաշտոն զբաղեցնող 5  անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Եվրոպական միության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով իրականացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ։ Մոնիթորինգի արդյունքում ճառագայթային իրավիճակի շեղումներ չեն հայտնաբերվել։

Աշխատանք է տարվել «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի վերանայման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ: Պարբերաբար իրականացվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում օրենսդրության վերանայում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների փոփոխությունները, նոր ստանդարտները, միջազգային և ներքին փորձը։

Հաշվի առնելով Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը Եվրամիության դիրեկտիվների։ Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։

Օրենքի նախագծի լրամշակման նպատակով 2024 թ․ նախագիծը մշակող խմբին են ներկայացվել դիտողություններ և առաջարկություններ։  Միջազգային (ԱԷՄԳ և ԵՄ) փորձաքննության նպատակով լրամշակված նախագիծը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել միջազգային փորձագիտական խմբին։ Նոր օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ 2025 թ․սեպտեմբերին։

Վերանայվում է նաև «Ճառագայթային անվտանգության նորմերն ու կանոնները», երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվեն և կմշակվեն նոր փաստաթղթեր, որոնք կկարգավորեն ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների ապահովումը։

2024-ին շարունակվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իրականացվող ՏՀ ծրագրերը, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների տարբեր հանձնաժողովների շրջանակում իրականացվող աշխատանքները։

 
 

Լրահոս

Դիտել ավելին