«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնված, իր հայտարարագրի սխալները փոքր վրիպակ համարող ֆինանսների նախարարը (բացահայտումն արեցին փաստաբանները) մամուլին վիրավորելու ճանապարհն է ընտրել: Նախօրեին նա զազրախոսել է «Ժողովուրդ» օրաթերթի հասցեին՝ շարունակելով իր ստերի շարանը ՀՀ թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի մասով:
Հիմա՝ ամեն ինչի մասին հերթով:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախարարը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից կամ հրապարակավ ստում է։
Բանն այն է, որ 2025թ․ բյուջեի դեֆիցիտը 604 միլիարդ դրամ է, որը ոչ միայն ինքնին շատ մեծ նոր լրացուցիչ պարտքային բեռ է, այլև աննախադեպ մեծ տոկոս է կազմում համախառն ներքին արդյունքի նկատմամբ։ Հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 720 միլիարդ դրամ, որը մոտ 14%-ով ավելի է քան 2024թ․ փաստացի հավաքագրված 2 տրիլիոն 390 միլիարդ դրամը։ Իր հերթին 2024թ․ փաստացի հավաքագրված եկամուտը մոտ 220 միլիարդով պակաս է, քան սահմանված էր 2024թ․ բյուջեի մասին օրենքով։ Իր մամուլի ասուլիսի ընթացքում ուղիղ տրված հարցին, թե ով պետք է պատասխանատվություն կրի այսպիսի աննախադեպ թերակատարման համար, նախարար Հովհաննիսյանը ճարպկորեն խուսափեց պատասխանից՝ չնայած որ ակնբախ էր, որ այդ թերակատարման ուղղակի պատասխանատուն հենց ինքն է, լինի դա պլանավորման, ընթացքում խայտառակ վատ աշխատանքի, թե թերհավաքագրման պատճառով։
Մի կողմ դնելով այս անպատասխանատվության մթնոլորտը՝ նշենք, որ 2025թ․-ի բյուջեով սահմանված է, որ համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 5%-ով, իսկ գնաճը կլինի 3%-ի սահմաններում։ Հաշվի առնելով այն, որ հարկային օրենսդրության փոփոխություններից էական լրացուցիչ մուտքեր չեն սպասվում, ապա 2025թ․ հարկային եկամուտները կարող են ավելի լինել 2024թ․ հարկային եկամուտներից, բայց ոչ ավելի, քան 8%-ով, այսինքն՝ կարող են կազմել մոտ 2 տրիլիոն 580 միլիարդ դրամ, որը 140 միլիարդ դրամով քիչ է, քան 2025թ․ բյուջեի մասին օրենքով սահմանված է։ Նախարար Վահե Հովհաննիսյանը վերջերս ուղիղ խոսքով ընդունել էր դա, միաժամանակ ավետելով «լավ նորություն» այն մասին, որ այդ թերհավաքումից ապահովագրելու համար՝ բյուջեով սահմանված է պահուստային ֆոնդ։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը, գտել էր, որ պահուստային ֆոնդը 2025թ․ օրենքի տեքստային մասում 95.4 միլիարդ դրամ է, սակայն բյուջեի հավելվածներում այն 64 միլիարդ դրամ է, որից 47 միլիարդ դրամն է, որ նախատեսված է հարկաբյուջետային ռիսկերի, պարզ լեզվով ասած՝ հնարավոր թերհավաքագրումների համար։ Նշելով, որ 2025թ․ բյուջեի մասին օրենքը պարունակում է փնթիության սխալներ, որոնք հակասական տեղեկատվություն են տալիս պահուստային ֆոնդի չափի մասին, պետք է ևս մեկ անգամ շեշտել, որ ֆինանսների նախարարը մոլորության մեջ է գցում հանրությանը և փորձում է լղոզել այն, որ տարին չսկսված՝ մենք արդեն ունենք լուրջ ֆիսկալ ռիսկեր, ինչը վտանգում է նաև բյուջեով սահմանված ահռելի 604 միլիարդ դրամի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները և դրա գինը։
Նախորդ հրապարակման մեջ նշել էինք․ «Սա նշանակում է, որ ֆինանսների նախարարը աչքակապությամբ ու ստելով է զբաղված, որպեսզի, ըստ երևույթին, հավասարակշռի իր երերացող աթոռը 2024 և 2025 թվականների աննախադեպ բյուջետային նվազեցումների ֆոնին»:
Հրապարակումից հետո ֆիննախի խոսնակը՝ Ինգա Գալուստյանը, զանգահարել և երկար բացատրում էր, թե նախարարը դա չի նկատի ունեցել, թվերը համադրելի չեն և այլն: Առաջարկեցինք ուղարկել պարզաբանող տեքստ՝ հստակ նշելով, թե նախարարը որտեղ, ինչ է նկատի ունեցել: Չուղարկեցին, փոխարենը կոռուպցիայի մեջ կասկածվող նախարարը որոշեց մեզ վիրավորող տեքստ հրապարակել:
Հատուկ տգետների համար նորից ենք հրապարակում հենց նախարարի ղեկավարած ՀՀ ֆիննախի կայքում հրապարակված տվյալները, որտեղ նշված է, որ մեր պահուստային ֆոնդը ոչ թե 47.1 մլրդ է, ինչպես Վահե Հովհաննիսյանն է ասում, այլ 95.4 մլրդ:
Նույն տվյալներն են նաև Արլիսում։
Ինչպես նաև խորհրդարանի կայքում են նույն թվերը նշված:
Իսկ նախարարն ի՞նչ է ասում իր պարզաբանման մեջ. աբսուրդ մի բան: Փաստացի գրել է, թե 140 միլիարդ դրամի թերհավաքագրման ռիսկի դիմաց 47 միլիարդ դրամի ռեզերվ ունի, որը խիստ անբավարար է ռիսկերը կառավարելու համար: Երևի նախարարը սկսի թվաբանություն ուսումնասիրել:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի միջազգային վարկին, որ նախարարը մեջբերել է, ապա պետք է շեշտադրենք՝ Հայաստանի հեղինակությանը վնաս են հասցնում Վահե Հովհաննիսյանի նման անպատասխանու նախարարները, որոնց գործունեության արդյունքում ռեկորդային չափով բյուջեի թերակատարումներ են տեղի ունենում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: