Կարևոր իրադարձություններ

Ովքեր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

16 Հունվար, 2025 14:44
Ովքեր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: 

Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնց առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է բացառիկ: Մասնավորապես՝ մինչև մարզիկի 26 տարեկան լրանալը Օլիմպիական խաղերում մրցանակակիր դառնալը կամ շախմատում միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացնելը կհամարվի բացառիկ նվաճում:

Միաժամանակ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ: Այն բխում է սույն կարգավորումների համատեքստում՝ բացառելու միևնույն սպորտային նվաճումը և՛ որպես տարկետման, և՛ որպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու հիմք դիտարկելուն: 

ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկներից նախատեսվող բացառիկ նվաճմանն այս պահին համապատասխանում է 7 մարզիկ, որոնցից 2-ը Օլիմպիական մրցանակակիր են, իսկ 5-ը՝ շախմատիստներ, որոնցից որոշ մարզիկներ արդեն իսկ զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության:  

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող մարզիկների սպորտային գործունեության համարժեք գնահատումն ու անընդհատությունը, և կամրագրվի նրանց բացառիկ նվաճումը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին