Կարևոր իրադարձություններ

Որ շախմատիստները կազատվեն զինվորական ծառայությունից

16 Հունվար, 2025 19:54
Որ շախմատիստները կազատվեն զինվորական ծառայությունից

Սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված։ Կառավարությունն ընդունել է որոշում:

Լրացում է կատարվել 2019 թվականի փետրվարի 15-ի՝ «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» որոշման մեջ: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնք առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է բացառիկ: Մասնավորապես՝ մինչև մարզիկի 26 տարեկան լրանալը Օլիմպիական խաղերում մրցանակակիր դառնալը / ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալ/ կամ շախմատում միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացնելը կհամարվի բացառիկ նվաճում:

Միաժամանակ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ: Այն բխում է սույն կարգավորումների համատեքստում՝ բացառելու միևնույն սպորտային նվաճումը և՛ որպես տարկետման, և՛ որպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու հիմք դիտարկելուն:

ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկներից նախատեսվող բացառիկ նվաճմանն այս պահին համապատասխանում է 7 մարզիկ, որոնցից 2-ը Օլիմպիական մրցանակակիր են, իսկ 5-ը՝ շախմատիստներ, որոնցից որոշ մարզիկներ արդեն իսկ զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող մարզիկների սպորտային գործունեության համարժեք գնահատումը, անընդհատությունը, և կամրագրվի նրանց բացառիկ նվաճումը:

 

Լրահոս

Դիտել ավելին