Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը

16 Հունվար, 2025 11:20
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Գազայում հրադադարի հաստատելու մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի պատանդների և գերիների ազատ արձակումը։

Այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը»,-նշված է գրառման մեջ։ 

ԱԳ նախարարությունը նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա ինչպես պաղեստինցի, այնպես էլ հրեա ժողովուրդների և տարածաշրջանի համար։ 

«Հույս ենք հայտնում, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության ճանապարհ հարթելու համար»,- ընդգծված է գրառման մեջ: 

ՀՀ ԱԳ նախարարությունը հրադադարի հաստատման հարցում նաև բարձր է գնահատել միջնորդ երկրների՝ Միացյալ Նահանգների, Կատարի և Եգիպտոսի ջանքերը։ «Բարձր է գնահատվում միջազգային համայնքի՝ հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին»,-նշված է գերատեսչության հաղորդագրության տեքստում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին