Կարևոր իրադարձություններ

Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը կաշառք է ստացել

16 Դեկտեմբեր, 2024 12:45
Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը կաշառք է ստացել

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը (այսուհետ՝ Տնօրենի նախկին պաշտոնակատար), երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք՝ որպես կաշառք, կվերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը դրդել է դասախոսներին, որպեսզի վերջիններս ուսանողների հաճախումների հաշվառման մատյաններում չարձանագրեն վերոնշյալ ուսանողների բացակայությունները: Արդյունքում՝ ուսումնական հաստատությունից հեռացվելու փոխարեն՝ 1 միլիոն 152 հազար դրամին համարժեք վերանորոգման աշխատանքներ կազմակերպելու դիմաց, Տնօրենի նախկին պաշտոնակատարի հրամանով վերոնշյալ երկու ուսանողներն ապօրինի փոխադրվել են հերթական կուրս:

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը կատարել է իրեն վստահված դրամական միջոցի հափշտակություն և պաշտոնեական կեղծիքներ:

Դատախազը 2024 թվականի դեկեմբերի 4-ին Տնօրենի նախկին պաշտոնակատարի նկատմամբ հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի  435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք ստանալը), 46-457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելուն դրդելը), ինչպես նաև 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (11 դրվագ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` վստահված գույքը հափշտակելը) (11 դրվագ):

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին հաստատել է Տնօրենի նախկին պաշտոնակատարի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին