Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում հայկական մշակութային օրերի առանցքում Ազնավուրի և Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է. Ժաննա Անդրեասյան (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2024 11:06
Ղազախստանում հայկական մշակութային օրերի առանցքում Ազնավուրի և Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է. Ժաննա Անդրեասյան (լուսանկարներ)

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: 

Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը ներկա է եղել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին այս կարևոր մշակութային նախաձեռնությանը աջակցելու և Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը կազմակերպելու համար:

«Ղազախստանի մշակութասեր հանրությանը հայկական մշակույթի ներկայացումը շատ կարևոր է. հատկապես, որ մշակութային ծրագրի առանցքում մեծանուն հայ արվեստագետներ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է, ինչը պատահական չէ: Այս տարի ողջ աշխարհը նշում է նրանց 100-ամյա հոբելյանները։ Պատահական չէ նաև Սոս Սարգսյանի անունը կրող թատերախմբի ընտրությունը. Սոս Սարգսյանին, համոզված եմ, ճանաչում և հիշում է նաև Ղազախստանի հանրությունը։ Նրանք բոլորը՝ ամեն մեկն իր ինքնատիպ ոճով, խոսել են մշակույթների փոխճանաչման անհրաժեշտության և մշակույթների փոխազդեցության վերաբերյալ, իրենց կյանքով ու գործով փաստել մշակույթի միավորող ուժը։ 

Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների մշակութային երկխոսության ամենավառ արտահայտություններից են նաև ղփչաղական ձեռագրերը, որոնք մեծ հոգածությամբ ու խնամքով պահվում են Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան-Ղազախստան մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով արվեստի գրեթե բոլոր ուղղությունները, որը ամուր հիմք է երկու պետությունների միջև նաև այլ ասպարեզներում կապերի ամրապնդման համար:

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ևս ողջունել է Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը՝ մաղթելով մասնակիցներին ստեղծագործական ներշնչանքներ, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ: 

«Բարեկամ երկրների մշակույթի օրերը մեզ համար կարևորագույն միջազգային իրադարձություններ են հանդիսանում՝ երկրների և ժողովուրդների միջև գործընկերային հարաբերությունների խորացման գրավական և բարեկամության կամուրջ։ Համոզված եմ, որ Մշակույթի օրերը նոր խթան կհանդիսանան երկու երկրների մշակութային և հոգևոր արժեքների հետագա զարգացման համար»,- ասել է նա:

 Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկել են Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան)՝ Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով: Հանդես են եկել Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։ Համերգային ծրագրում հնչել են նաև Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

 Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի կյանքին և գործունեությանը նվիրված ֆոտոցուցահանդեսը, իսկ 7 IMAX KERUEN կինոթատրոնում մեկնարկել է հայկական կինոյի օրերի ծրագիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին