«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» նախագիծը: Նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։
Նշվում է նաև՝ խնդիրը սրվում է նրանով, որ վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ, որոնք չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկությունները ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները: Ի դեպ, կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ։ Նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2024 թթ. կատարվել են ներդրումներ այս ոլորտում:
Մի շարք ընկերություններ նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են: Ըստ նախարարության կանխատեսումների, նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ 65-70 տոկոսով՝ հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։ Ուստի առաջարկվում է կառավարության 2024 թ.-ի մայիսի 23-ի N 727-Ն որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգել քի ժամկետն ավարտվելուց հետո սահմանել արտահանման արգել քի նոր ժամկետ, որը կգործի 2025 թ.-ի հունվարի 31-ից մինչև 2025 թ.-ի հուլիսի 31-ը»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: