«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հարությունս ընկերասեր, մեծին հարգող երեխա էր: Հանգիստ էր իր բնավորությամբ, զուսպ, ոչ մեկին չէր ուզում նեղացնել: Եթե հանկարծ վեճեր էին լինում, որտեղ իր ընկերներն էին ներգրավված, աշխատում էր բոլորի հետ զրուցել, հաշտեցնել: Բավականին մեծ ընկերական շրջապատ ուներ թե՛ մեր և հարակից գյուղերում, թե՛ Մասիսում: Իրեն բոլորը «Կյաժ» էին դիմում և՛ գյուղում, և՛ զորամասում: Յուրահատուկ բնավորություն ուներ, այն, ինչ իրեն դուր չէր գալիս, նա բացահայտ ցույց չէր տալիս: Իր բնավորությունը, կարծես, գաղտնիք լիներ մեզ համար, իրեն մինչև վերջ չէինք հասկանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Բինան՝ Հարությունի մայրիկը:
«Շատ լավ էր անցնում իր ծառայությունը, գոհ էր, սիրված իր զորամասում: Հրետանավոր էր, վարպետացել էր այդ ուղղությամբ, պատերազմի օրերին անվրեպ կարողացել է խոցել բոլոր թիրախները: Չէր ձգտում կոչումների, ուզում էր հանգիստ ծառայել և զորացրվել ու տուն վերադառնալ»: Հարությունը թմբկահար էր: Տիկին Բինան մարտկոցի հրամանատար, կապիտան Մարզպետ Վարդանյանի խոսքերն է վերհիշում, որ երբ զորամասին թմբուկ են հատկացրել, վերջինս ասել է. «Մեր Կյաժը կնվագի»»։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն առավոտյան ինձ նամակ գրեց, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ենք: Մի քիչ զրուցեցինք, հետո ասաց, որ Հաղարծին են գնում: Իրենց մոտ, կարծես, ավանդույթ լիներ, ամեն կիրակի գնում էին Հաղարծին: Իր հետ զրուցելուց հետո արդեն համացանցից իմացա, որ պատերազմ է սկսվել: Նորից Հարութին նամակ գրեցի՝ տղե՛ս, պատերազմ է սկսվել:
«Մա՛մ ջան, ի՞նչ պատերազմ, նման բան չկա»: Բայց արդեն անհանգստություն կար իմ ներսում: Միշտ նամակներ էր գրում ինձ, ես էլ չէի զանգահարում, որպեսզի հանկարծ իրեն անախորժ վիճակում չդնեմ: Մեկ-մեկ միայն զանգում, մի երկու բառ փոխանակում էր մեզ հետ: Առաջինը հեռախոսը տալիս էի եղբորը, հետո նոր ես էի զրուցում իր հետ: Մի քանի օր անցել էր պատերազմից, իրեն հարցրեցի՝ Հարո՛ւթ, ճի՞շտ ես ասում, դուք Իջևանո՞ւմ եք: Արձագանքեց՝ այո, մի նկար ուղարկեց, որ ինձ հանգստացնի: Բայց հետո պարզվեց, որ դա միայն ինձ հանգստացնելու համար է արել»: Հարությունի մարտական ուղին է փաստում. «Շարքային Հարություն Հովսեփյանը 2019 թ. ամռանը մեկնել է ծառայության և նշանակվել թիվ N զորամասում որպես 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հաշվարկի զինվոր։
Մարտկոցի անձնակազմի հետ 2020 թ. հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության հարավային մասում զբաղեցրել է կրակային դիրք և հոկտեմբերի 8-ին իրականացրել մարտական հրաձգություններ՝ ուղղված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուն և յուրային զորքերի տեղաշարժին աջակցելուն։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն՝ ջախջախիչ հարվածներ է հասցրել հակառակորդին՝ պատճառելով կենդանի ուժի և կրակային միջոցների մեծ կորուստներ»:
Հոկտեմբերի 9-ին Հարությունը վիրավորվում է մարտի դաշտում: Նրա զորամասից տրամադրված մարտական ուղիում նշվում է. «Հրաձգություն կատարելու ժամանակ հակառակորդի հարվածային ԱԹՍ-ից արձակված արկի պայթյունից մարմնի տարբեր հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ, ինչի հետևանքով հայտնվել է կոմայի մեջ և հոսպիտալացվել։ Գրեթե տասը օր կոմայի մեջ մնալուց հետո բժիշկներին չի հաջողվել բազում բեկորային վնասվածքներ ստացած շարքային Հովսեփյանի կյանքը փրկել, և նա, այդպես էլ գիտակցության չգալով, 2020 թ հոկտեմբերի 20-ին մահացել է»։ Հարությունը մարտական գործողությունների է մասնակցել և վիրավորում ստացել Ջրականում: Մայրիկը վերհիշում է այդ օրերի իրադարձությունները. «Հարությունիս հետ եղած սերժանտը նույն պահին է զոհվում, իսկ տղաս ծանր վիրավորվում է գլխի հատվածում: Վերջերս իր սերժանտի ծնողներն էին եկել մեր տուն, որոշ դրվագներ էլ իրենք պատմեցին՝ այլ զինվորների խոսքերից ելնելով:
Օրեր շարունակ գնում էի տղայիս մոտ, խոսում նրա հետ, բայց որևէ փոփոխություն չկար: Տղայիս սիրտն արագ բաբախում էր, կարծես զգար իմ ներկայությունը: Հոկտեմբերի 20-ին, սակայն, նա մահացավ: Իր մարմնի աջ կողմում շատ բեկորներ են եղել, բժիշկները դրանք գրեթե ամբողջությամբ հեռացրել էին»: Բայց դրանք արդեն իսկ իրենց սև գործը կատարել էին Հարությունի օրգանիզմում: Իսկ վերջում ապրելու ուժի մասին. «Իմ ընտանիքն է ինձ ուժ տալիս ապրելու՝ ամուսինս, որդիս ու հարսիկս»:
Հ. Գ. - Հարություն Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Դարակերտի գերեզմանատանը»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: