Կարևոր իրադարձություններ

Փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու. Մխիթար Հայրապետյան

15 Հոկտեմբեր, 2024 21:23
Փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ քննարկելու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները։

Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու։

«Առաջինը՝ վերազգային ընկերություններին Հայաստան ներգրավելու համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծումն է, երկրորդը՝ նոր աշխատատեղերի խրախուսման ճանապարհով ոլորտում ներգրավված աշխատակիցների քանակի ավելացումն է, երրորդը՝ ոլորտում արդեն իսկ ներգրավված աշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանը միտված քաղաքականությունն է, չորրորդը՝ հետազոտությունների և մշակումների՝ R&D-ի ուղղության զարգացումն է»,-ներկայացրել է նա։

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունում ևս նախագծերը մանրամասն քննարկվել են։ Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ընտրել ներդրումների ճանապարհը՝ պայմանավորվելով, որ ռազմավարության ընդունումից հետո նաև կքննարկվի ռազմավարական կարևոր ուղղությունների մեջ թիրախային հավելյալ ներդրումներ կատարելու հավանականությունը։

Այնուհետև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախագծերով առաջարկվող փոփոխությունների հիմնական կետերը։
Ֆինանսների նախարարության դիրքորոշումը ներկայացրել է Եկամուտների աղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի
Ալավերդյանը։

Քննարկվող օրինագծերի շուրջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետն է հայտնել հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

Համայնքի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին՝ կապված ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամանակացույցի, ներկայացված նպատակներին հասնելու չափելիության, հարևան երկրների համեմատ մրցակցային հնարավորությունների և այլ հարցերի վերաբերյալ։

Ակտիվ քննարկման ընթացքում բարձրացված հարցերին տրվել են պատասխաններ, ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն Ազգային
ժողովում։ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունների նպա­տակը բարձր տեխ­նոլոգիական ոլորտի համար պետական աջակցության գործիքակազմի սահմանումն է, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտո­նու­թյուն­ների շրջանակի վերա­նա­յումը: 

Օրենքի նախագծերում առաջարկվող փոփոխություններին կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով։

 

Լրահոս

Դիտել ավելին