Կարևոր իրադարձություններ

Այսուհետ հնարավոր կլինի ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առցանց

15 Հոկտեմբեր, 2024 21:02
Այսուհետ հնարավոր կլինի ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առցանց

Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք։

Ստորև ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ e-work.am հարթակի, աշխատանք փնտրող անձանց և գործատուներին առաջարկվող հնարավորությունների և այլնի վերաբերյալ։

Հարց 1։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելուց բացի՝ արդյոք կարող եմ առցանց եղանակով ծանոթանալ հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերին։

Պատասխան։ Այո՛, Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ e-work.am պետական հարթակի միջոցով (հղում՝ https://e-work.am/working-out?kind=1): Կայքում Դուք կարող եք ստեղծել Ձեր անձնական էջը, հրապարակել ինքնակենսագրականը, ծանոթանալ թափուր աշխատատեղերին, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք։

Հարց 2։ Աշխատանք եմ փնտրում․ ինչպե՞ս կարող է հարթակն ինձ օգնել։

Պատասխան։ Եթե փնտրում եք աշխատանք, ցանկանում եք բարելավել աշխատանքային պայմանները կամ կարիերայում գրանցել աճ, ապա հարթակը Ձեզ հնարավորություն կտա՝

• ունենալ սեփական էջ, որտեղ կտեղադրեք Ձեր աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվությունը,

• ստանալ աշխատանքի առաջարկներ՝ Ձեր մասնագիտությանը և նախընտրություններին համապատասխան,

• ներգրավվել զբաղվածության ծրագրերում։

Հարց 3։ Գործատու եմ․արդյոք կարող եմ իմ կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ տեղադրել հարթակում։

Պատասխան։ Այո՛, եթե կազմակերպության ղեկավար եք, ով ցանկանում է պետական միասնական հարթակում ստեղծել իր կազմակերպության պրոֆիլը և տեղադրել հայտարարություններ, ապա հարթակը հնարավորություն կտա՝

• ցուցադրել Ձեր կազմակերպությունում առկա թափուր հաստիքները,

• ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել Ձեր կազմակերպության պահանջներին առավելապես համապատասխանող աշխատող։

Հարց 4։ Արդյոք գործատուները կարող են հարթակի ծառայություններից անվճար օգտվել։

Պատասխան։ Այո՛, հարթակից կարող են անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։

Հարց 5։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, արդյոք կարող եմ տվյալ հարթակում գրանցվել և փնտրել աշխատանք։

Պատասխան։ Այո՛, հարթակի կողմից առաջարկվող ծառայություններից կարող են օգտվել ՀՀ-ում բնակվող և աշխատանք փնտրող բոլոր անձինք, այդ թվում՝ ԼՂ հայրենակիցները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին