Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել են դատախազության, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների և ԱԱԾ-ի իրականացրած աշխատանքները

15 Հոկտեմբեր, 2024 19:36
Ներկայացվել են դատախազության, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների և ԱԱԾ-ի իրականացրած աշխատանքները

2019-2024 թվականների ընթացքում Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշները հետեւյալն են` 2019 թվականին` 26.850, 2020-ին` 26.468, 2021-ին` 30.245, 2022-ին` 37.612, 2023-ին` 40.666, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին` 24.567. ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ:

Նրա դիտարկմամբ 2019-2023 թվականների ընթացքում, թեեւ արձանագրվել է ծանր հանցագործությունների թվային աճ (1626-ով կամ 36.2 տոկոս), վերջիններիս տեսակարար կշիռն ընդհանուր հանցավորության մեջ նվազել է 1.7 տոկոսսով: 2024 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում` նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատած, արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում 437-ով կամ 11.6 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 16-ով կամ 4.5 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2023 թվականին կազմել է 546` 2019 թվականի համեմատությամբ աճելով 262-ով կամ 92.2 տոկոսով:

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների 75 դեպք: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 36.4 տոկոս: 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք. նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում կազմել է 1946, որը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 33.8 տոկոսով նվազում է: Ըստ Աննա Վարդապետյանի` այս հանցագործությունների լատենտային բնույթը եւ տարիներ շարունակ բացասական առումով կայուն աճի միտումը շարունակում է անհանգստացնել պատկան մարմիններին:

Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին` գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 2019 թվականին արձանագրվել է 74 դեպք, 2020-ին` 83 դեպք, 2021-ին` 57 դեպք, 2022-ին` 67 դեպք, 2023-ին` 94 դեպք, իսկ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է 75 դեպք:

Ներկայացնելով թմրամիջոցների մաքսանենգություն եւ ապօրինի շրջանառության թվային ցուցանիշները` Աննա Վարդապետյանը նշել է, որ 2019 թվականից 2023 թվականներին մաքսանենգության դեպքերն աճել են 47-ով, իսկ ապօրինի շրջանառության դեպքեր` 3717-ով: 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների տվյալներով գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության` 1946 դեպք:

Նշվել է, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռիսկերը նվազեցնելու նպատակով գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին միջնորդագրեր են ներկայացվել Առողջապահության նախարարի տեղակալին եւ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր: Համապատասխանաբար` միջնորդագրեր են ներկայացվել Առողջապահության նախարարություն` դեղատների գործունեությունը կասեցնելու հարցը քննարկելու նպատակով կասեցվել է երեք դեղատան լիցենզիա:

Խոսելով թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի աճի մասին? Աննա Վարդապետյանը կարեւորել է առաջնահերթ նշանակություն ունեցող սահմանային անցման կետերում անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովումը, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նշված կետերով թմրամիջոցների տարանցման հնարավորությունը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ` քրեական պատասխանատվության: 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 68 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 14 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 1 անձ` քրեական պատասխանատվության: 2023 թվականի ընթացքում 41 դատախազի նկատմամբ իրականացվել է 29 կարգապահական վարույթ: 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 4 կարգապահական վարույթ` 5 դատախազի նկատմամբ: Աննա Վարդապետյանը խոսել է նաեւ քրեական վարույթների եւ գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է խորհրդարանական լսումների մասնակիցների հարցերին: Հարցերը վերաբերել են դատավարությունների ողջամիտ ժամկետներին վերաբերող մասնավոր դեպքերին, միջին ծանրության հանցագործությունների համար երեք ամսից ավելի կալանքի տակ պահելու հարցի օրինաչափ լինելուն, բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճին եւ դրանց բացահայտմանը: Աննա Վարդապետյանը ներկայացրել է պարզաբանումներ հրազենով կատարված դեպքերի, կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված վիճակագրության, քննության ժամկետների եւ արդյունավետության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների թվի աճին` գլխավոր դատախազը հաստատել է աճի փաստը` ընդգծելով, որ վերլուծվում են կոնկրետ պատճառները: Նրա խոսքով աճել է նաեւ բացահայտելիության չափը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է հանցավորության հաշվառման գործընթացի իրականացման եւ այդ գործընթացի գնահատման մեթոդաբանությունների կիրառման կարեւորությանը: Նա նշել է, որ եթե Ոստիկանության տեղեկատվական կենտրոնը յուրաքանչյուր ժամանակահատվածի` օրինակ 2022 թվականի վերջում հրապարակվում է որեւէ տեսակի հանցագործությունների որոշակի ցուցանիշ, հաջորդ տարիների ընթացքում, հանցագործության բացակայության հիմքով կարճված գործերի թիվը չի արտացոլվում արդեն հրապարակված վիճակագրական տվյալներում: Ըստ նրա` նույն տրամաբանությամբ, տարվա կտրվածքով, չի արտացոլվում նաեւ հետագա տարիներին բացահայտված հանցագործությունների թիվը. այսինքն` 2023 թվականին բացահայտված որեւէ հանցատեսակի քանակական ցուցանիշը չի արտացոլվում 2022 թվականի վիճակագրության մեջ: Արգիշտի Քյարամյանը նշել է, որ դա է հիմնական պատճառը. թվում է` կա համատարած թե' հանցավորության մակարդակի աճ, եւ թե' հանցավորության բացահայտելիության նվազում: Նշված համատեքստում անդրադառնալով մարդու դեմ ուղղված հանցագործություններին թվին` Արգիշտի Քյարամյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է ոչ թե 6565, այլ 6081 դեպք, իսկ 2023 թվականին` 7138-ի փոխարեն 6006 դեպք: Այսինքն` տվյալ դեպքերի թիվը ոչ թե աճել է, ինչպես նշվել է հաշվետվության մեջ, այլ ընդհակառակը` նվազել է:

Զեկուցողն անդրադարձել է նաեւ հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններին: Նա տեղեկացրել է, որ 2022 թվականին արձանագրված  դեպքերի 45.4 տոկոսը, նաեւ 2023 թվականի` 35.2 տոկոսը վերաբերում են առանց վարորդական իրավունքի վարելուն: Ըստ Արգիշտի Քարամյանի` նոր հանցատեսակներ կան, որոնք շատ մեծ ազդեցություն են ունենում հանցավորության քանակական աճի գնահատման վրա: Հանցավորության գործոնի վրա իր ազդեցությունն է ունենում  նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների  եւ վերջին շրջանում արտերկրից Հայաստանում բնակվելու նպատակով տեղափոխվածների թվի աճը:

Քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ինն ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 1896 քրեական վարույթով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 1477 վարույթի դիմաց: Նույն ժամանակահատվածում ավարտված վարույթները կազմել են 629-ը? նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 363-ի դիմաց: 2024 թվականի ինն ամիսների ընթացքում քննվել են 419-ով կամ 24,8 տոկոսով ավելի վարույթներ, իսկ ավարտված վարույթների քանակը աճել է 266-ով կամ 73,3 տոկոսով: Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 114-ը` 250 անձանց վերաբերյալ: Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ կոռուպցիոն դեպքերի նվազում չունենք:

2019-2024 թվականների ընթացքում Հայաստանի անվտանգային միջավայրի պարբերաբար ձեւափոխման պայմաններում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները` ապահովելով անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը. ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Նրա խոսքով վերջին տարիներին արագ տեմպերով արմատական փոփոխությունների են ենթարկվել հանցագործությունների կատարման եղանակներն ու մեթոդները` պայմանավորված հասարակական հարաբերություններում թվային տեխնոլոգիաների ակտիվ ներգրավմամբ, սոցիակալան ցանցերի շարունակական զարգացմամբ: Հաշվի առնելով մեր երկրի բարդ աշխարհաքաղաքական դիրքը, ռազմաքաղաքական իրողությունները, ինչպես նաեւ նպատակ ունենալով պատշաճ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին` ԱԱԾ մարմիններում մշտապես իրականացվում են տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքներ: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԱԾ-ի կողմից իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում: Զեկուցողի տեղեկացմամբ բացահայտվել է 86 հանցագործություն` ուղղված սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ: Կազմակերպված հանցավոր խմբավորումների եւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ էլ բացահայտվել է 77 հանցագործություն, զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի եւ առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված` 170 հանցագործություն, իսկ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրիանական շրջանառության` 295 հանցագործություն:

Ըստ Արմեն Աբազյանի՝ ԱԱԾ մարմինները ծավալուն աշխատանքներ են իրականացրել նաեւ կիբեռանվտանգության ոլորտում ռիսկերի հայտնմբերման եւ կանխարգելման ուղղությամբ:

Ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակահարմարությանը, հանցագործության դեմ պայքարում պատժի անխուսափելիությանը, ոստիկանության ծառայողների նկատմամբ հասարակության վստահության մեծացմանն ուղղված քայլերին, կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությանը:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին եւ նշել. «Մենք խորհրդարանական կառավարման երկրում ենք եւ ունենք բազմաթիվ անելիքներ»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին