Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման վերաբերյալ առաջարկները (լուսանկարներ)

11 Հոկտեմբեր, 2024 14:39
Քննարկվել են Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման վերաբերյալ առաջարկները (լուսանկարներ)

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: «Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող և մայրաքաղաքի հիմնական միջուկը հետագա ձևափոխումից պաշտպանող նախաձեռնությունը։ Ուստի շատ եմ կարևորում բոլորիդ կարծիքը և առաջարկությունները, որոնք ընդգրկվելու են նախագծում»,-նշել է Եղիազար Վարդանյանը։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել Երևանի փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության իրականացման պայմանները, «բեռնաթափել» կենտրոնը, կարգավորել կառուցապատման խտությունը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը մանրամասնել է, որ նախագծով մեծ տեղ է հատկացվում պատմամշակութային հուշարձանների, կանաչ գոտիների պահպանմանը,վարչական շրջանների համաչափ զարգացմանը, կառուցապատման ծրագրերի վերաբերյալ հանրությանիրազեկմանը։ Հստակեցվում են սահմանափակումները, ծրագրերի համաձայնեցման ընթացակարգերը, ապահովվում է կապը գլխավոր հատակագծի և քաղաքաշինական մյուս փաստաթղթերի հետ։

Քաղաքաշինական խորհրդի անդամները կարևորել են նախագծի օր առաջ հաստատումը։ Նրանք ներկայացնելու են իրենց առաջարկները, որոնց հիման վրա լրամշակված նախագիծն ուղարկվելու է շահագրգիռ բոլոր կառույցներին, ինչպես նաև դրվելու է հանրային քննարկման։ 

 

Լրահոս

Դիտել ավելին