Կարևոր իրադարձություններ

Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով

11 Հոկտեմբեր, 2024 15:38
Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատազրկված անձանց հաղորդակցումն արտաքին աշխարհի հետ, շարունակում է իրականացնել աշխատանքներ կապի՝ առավել բարենպաստ և որակյալ պայմանների ստեղծման ուղղությամբ։ 

Այսպիսով՝ ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր կարիքների գնահատում։ Դրա հիման վրա կազմակերպված մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել բոլորովին նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոս։ 

Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներ (ՄԻՊ, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների, Քրեակատարողական ծառայության, տարբեր այլ կառույցների թեժ գծեր և այլն)՝ ազատազրկված անձինք հնարավորություն են ստանալու նաև ամսական 20 րոպե զանգեր իրականացնելու ՀՀ բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր անվճար՝ պետական միջոցների հաշվին։

Տրամադրվող անվճար րոպեների սպառումից հետո ազատազրկված անձը կարող է կանխավճարային եղանակով ստանալ խոսելաժամանակ՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամ սակագնով՝ նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն: 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, լինելով հետևողական քրեակատարողական ոլորտի արմատական բարեփոխումների գործում, շարունակելու է աշխատանքների իրականացումն առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին